Գիտե՞ք, թե ինչ է իրենից ներկայացնում Միջինքը և երբ է այն նշվում

Մեծ պասի արարողությունների մեջ իր հատուկ տեղն ունի Միջինքը։ Միջինքը հիշեցնում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին: Այս տարի այն նշվելու է մարտի 23-ին։

Միջինքի օրը տան կանայք թխում են միջինքի գաթան ու ուղարկում այն իրենց խնամիներին, սիրելիներին ու հարազատներին։

Միջինքի մեջ պարտադիր դրվում է որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Միջինքն ամանորյա տարեհացի նման պիտի ապահովի օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, հողի բերրիությունը և այլն։

Հետաքրքրական է Միջինքը կտրելու ծեսը․ երեկոյան տան ավագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին և կտրում էր։ Դրանից հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին։ Ում բաժնից նշանը դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր համարվում։

Հին Ջուղայում հավատում էին, որ եթե բաղարջը կտրելու ժամանակ, նշանը դիպչեր դանակին, ընտանիքի ապրուստի աղբյուրը հողն էր լինելու. դանակը նույնացվում էր գութանի խոփի հետ։

Հնում նաև միջինքի օրը աղջիկները հավաքվել են իրենց նշանված ընկերուհու տանը, ամբողջ գիշեր անցկացրել են միասին, իսկ առավոտյան լվացել են նրա գլուխը, նվերներ ստացել տանտիրուհուց ու վերադարձել իրենց տներ։