«Մա՛մ, էս էն պատերազմը չի, որ պապան էր գնացել․ օդում կարկուտներ են, ահավոր վիճակ ա». կարդացե՛ք Հին թաղերում ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԵՐՈՍ՝ Հարությունի մասին

Հարություն Գևորգի Անդրեասյանը ծնվել է 1990 թվականին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում:

Հարությունը ծառայել է Կապանի գնդում: Պատերազմը սկսվելուն պես սեպտեմբերի 28-ից կռվել է Ջրականում: 15 օր այնտեղ համառ պայքար է մղել և վերադարձել տուն: Այնուհետև, երբ արդեն խաղաղվել էր, նոյեմբերի 9-ին համաձայնագիր էր կնքվել, որոշել է նորից գնալ ու փոխարինել զինվորներին:

Նոյեմբերի 26-ին նորից գնում է, այս անգամ Հադրութ, Հին Թաղեր–Խծաբերդ, չնայած որ նրանց ասել էին, որ տանում են Քաշաթաղ, Լաչին ռուս խաղաղապահների մոտ։ 

Վերջին անգամ Հարությունը ընտանիքի անդամների հետ խոսել է դեկտեմբերի 11-ին:
«Հենց էդ օրը իրանք պիտի իջնեին, բայց փոխարինող չկար։ Էդ ժամանակ իրանք արդեն գիտեին, որ շրջափակման մեջ են։ Ասեց, որ 12-ին անպայման գալու են, ու ես իր գալուն էի սպասում։ Բայց հենց նույն օրը երեկոյան հարձակվում են իրենց վրա, բոլորը փախնում են, մնում են 9-ով։ Իրանք էլ բաժանվում են երկու մասի, ու էդպես մարտը վարում են։

Ամբողջ գիշեր կռիվ են տալիս մինչև 12-ի կեսօրը, հետո արդեն զենքերը վերջանում են, իրանք էլ 9-ով զոհվում են, բայց ահագին զոհ են տալիս, մենամարտի մեջ են մտնում: Պատերազմից հետո տղես մնացել է Հին թաղեր-Խծաբերդ հատվածում, պաշտպանվել է մինչև վերջին փամփուշտը»,- պատմում է Հարությունի մայրը:

Հերոսի մարմինը հայկական կողմին է հանձնվել դեկտեմբերի 16-ին խաղաղապահների կողմից: Հարություն Գևորգի Անդրեասյանը հետմահու արժանացել է Արիության մեդալի:

 Հարությունի հայրն էլ է մասնակցել պատերազմին 1991-92 թվականներին։ Բայց Հարությունը մայրիկի հետ խոսելիս ասել է.
–Մա՛մ, էս էն պատերազմը չի, որ պապան էր գնացել․ օդային ա սաղ, կարկուտներ են, ահավոր վիճակ ա։