«Ինքն ու ևս 18 քաջորդի միմյանց երդվում են, որ ինչ էլ պատահի, չեն լքի իրար և իրենց բարձունքը». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԱԶԱՏԻ պատմությունը

Ազատ Վահեի Սահակյանը կրտսեր սերժանտ էր: Նա ծնվել է 2001 թվականին մայրաքաղաք Երևանում:

Ազատը, բուհական կրթությունը կիսատ թողնելով, 2019 թվականին զորակոչվել է բանակ: Ծառայել է Մարտունի 3-ում՝ առանձինների նռնականետային վաշտում:

Մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին: Կռվել է Մարտունիում, Ջրականում: Ազատն ու ևս 18 քաջորդի պատերազմի թեժ օրերին գտնվել են Կողակ բարձունքում: Նոյեմբերի 4-ին, 5-ին, 6-ին տեղի ունեցած կատաղի մարտերի ժամանակ այս տղաները հաջողությամբ հակահարված են հասցնում թշնամուն` ահռելի կորուստներ պատճառելով նրանց: Հաղթանակներից ոգևորված հայրենիքի նվիրյալ 19 տղաները միմյանց երդվում են, որ ինչ էլ պատահի, չեն լքի իրար և բարձունքը:

Լուսաբացին` կատաղի մարտերի պահին, հրամանատարը նահանջի հրաման է տալիս, սակայն տղաները չեն լքում իրենց դիրքը: 19 լույս տղաներից 11-ը զոհվում են, նրանց թվում` Ազատը: 8-ը ստանում են տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ և հրաշքով փրկվում:

Ազատը նույնպես կարող էր փրկվել, երբ վիրավոր ընկերներին իջեցնում էր սարից: Նա կարող էր կրկին չբարձրանալ, մնալ ներքևում, ուր ավելի ապահով էր, սակայն բարձունքին կրկին հասնելն Ազատի որոշումն էր: Նա մինչև վերջին վարկյանը անձնվիրաբար պայքարեց ու հավատարիմ մնաց իր խոստմանն ու տեսակին:

Ազատը հերոսաբար ընկավ նոյեմբերի 7-ին: Այժմ հայկական կողմի վերահսկողության տակ է գտնվում Կողակ բարձունքի այն կեսը, որն այդպես էլ չլքեցին Ազատն ու իր ընկերները: