«Որդուս անշնչացած մարմինը տուն բերեց հայրը, ով պատերազմի առաջին իսկ օրը մեկնել էր առաջնագիծ»․ հոր աչքի առաջ է զոհվել հերոս Գառնիկը

Պատերազմի արդյունքում առաջացած վերքերը դեռ բաց են, որդեկորույս մոր սիրտը դեռ արնահոսում է: Ոչ ոք չի կարողանում հաշտվել դաժան իրականության հետ։ Այս դաժան պատերազմում իր անունը թողեց նաև գյումրեցի Գառնիկ Կարենի Հովհաննիսյանը, նա մահացավ հենց հոր աչքի առաջ։

Նա ութ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը; Մինչև վերջին վայրկյանը հավատում էր, որ հայը հաղթելու է, հավատում էր, որ մենք կարող ենք տապալել յուրաքանչյուրին։  

«Մա՛մ ջան, պատերազմից չվախենաս. հաղթելու ենք, մենակ մի բան ինձ խոստացի, որ աչքերիցդ երբեք արցունք չի հոսի»,-վերջին զրույցի ժամանակ նա այսպես էր ասել մորը։

Արցունքները կոկորդում խեղդելով, Տիկին Նարինեն հիշում է որդու հետ ունեցած վերջին զրույցը։  Պատմում է, որ որդու հետ այդ ծանր ու դաժան 33 օրերի ընթացքում անընդհատ կապի մեջ է եղել.

«Շատ գոհ էր ծառայությունից, երազում էր զինվորական համազգեստով վերադառնալ տուն, բայց չեկավ որդիս իր ոտքով…. չեկավ…. Որդուս զինվորական համզգեստով բերեցին՝ բայց անշնչացած….Իսկ որ ամենասարսափելին է, որդուն իր ձեռքերի վրա տուն է բերել հայրը, ում աչքի առաջ էլ, որդին անմահացել է.

«Գառնիկիս անշնչացած մարմինը տուն բերեց Հայրը, ով պատերազմի առաջին իսկ օրը կամավոր մեկնել էր առաջնագիծ։ Տղես չգիտեր, որ հայրն էլ է պատերազմի դաշտում. միշտ ասում էր. » թող չգա, ստեղ իրա տեղը չի»…Ասում էր․ «մամ, եղբորս էլ բանակ չուղարկեք, ինքը ստեղ չի դիմանա»։