«Ինձ ասում էին՝ դու Հովիկի հետ երբեք չես ծերանա, սակայն, ցավոք, միասին շատ կարճ ապրեցինք». կինը պատմում է ՀԵՐՈՍ ԱՄՈՒՍՆՈՒ՝ ՀՈՎՍԵՓԻ պատմությունը

Հովսեփ Ռաֆիկի Մայիլյան՝ ապրիլյան պատերազմի անմահ հերոս:

Մեր հերոսը ծնվել է 1978 թ.-ի փետրվարի 24-ին, Արցախի Հադրութ քաղաքում: Երեք քույրերի միակ եղբայրն էր ու նրանց կրտսերը: Երևի դրանից է, որ փոքր ինչ չարաճճի էր, մի փոքր էլ ժիր ու աշխույժ:

Դպրոց գնացել է 1985 թ.-ին, սովորել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում: Վաղ տարիքում կորցրել է մորը: Դպրոցն ավարտելով 1995 թ.-ին՝ հուլիսի 1-ին զորակոչվել է բանակ, Խոջալուի N զորամաս: Զորացրվել է 1998 թ.-ի մայիսի 21-ին: Սակայն մնացել է համակարգում աշխատելու: Եվ հուլիսի 1-ից համալրել է Ֆիզուլիի N զորամասի սպայական շարքերը որպես մոտոհրաձգային դասակի և վաշտի հրամանատար: Այս պաշտոնում եղելլ է մինչև 2012 թ.-ի փետրվարի 29-ը:

Ամուսնացել է 2000 թ.-ին և կնոջ հետ համատեղ կյանքում ունեցել են 3 երեխա՝ 2 տղա 1 աղջիկ: Նա ուշադիր ու հոգատար հայր էր, ինչպես նաև սիրող ամուսին: Զինվորական կյանքը թողնում էր բանակում, զորամասում, երբ տուն էր մտնում, տանը նա միայն իր ընտանիքի մասին էր մտածում:

2012 թ.-ի փետրվարի 29-ին նշանակվել է Ջրականի N զորամասում զրահատանկային ծառայության պետ, որտեղ էլ ծառայել է մինչև 2016 թ.-ի ապրիլյան օրերի խրոնիկան և իր հավերժանալը: Կոչումով մայոր էր:

Այսօր մեծ տղան՝ Հարությունը, ով ծնվել է 2001 թ.-ին, հայոց բանակի քաջ զինվոր է, ումով հպարտանում է նրա մայրը, ով պիտի իր հերոս հայրիկի հետնորդը դառնա, նրա արժանի զավակն ու տուն դառնա պատվով ծառայելով իր հայրենիքում:

-Սիրով ամուսնացած երջանիկ ընտանիք էինք: Որ միասին հյուր էինք գնում՝ բոլորը նախանձով էին նայում: Հումորով հարուստ էր, այնքան հումոր էր անում, իրեն այնքան աշխույժ էր պահում, որ բոլորն ինձ ասում էին՝ Դու Հովիկի հետ երբեք չես ծերանա, սակայն, ցավոք միասին շատ կարճ ապրեցինք՝ ընդամենը 16 տարի,- պատմում է հերոսի կինը՝ Կարինեն:

Ապրիլի 2-ի առավոտյան ժամը 5:30-ին մեր հերոսը փոխգնդապետ Վիգեն Գրիգորյանից զանգ է ստացել և գնացել տնից: Կինը նրա հետ վերջին անգամ խոսել է նույն օրը՝ ժամը 16:00-ին:

Տանկիստ Հովսեփը իր տանկով Ջրականում խոցել է հակառակորդի մի քանի տանկ, սակայն ինքն էլ զոհվել է հակառակորդի ականանետի ականի պայթյունից: Նա հետմահու պարգևատրվել է ՀՀ և Արցախի «Արիություն», ինչպես նաև Արցախի «Մարտական ծառայության համար» մեդալներով: