«4 հոգով կռվել են հակառակորդի 80 հոգանոց  զորքի դեմ, ընկերներին օգնել են շրջափակումից դուրս գալ, իսկ իրենց չի հաջողվել»․ հերոս Տիգրանը ընդամենը 2 ամսվա ծառայող էր

Տիգրան Արսենի Համբարձումյանն այն հերոսներից էր, որ պայքարեց ու ամուր պահեց իր դիրքը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով։ Ծնվել է 2001 թ-ի սեպտեմբերի 20-ին Երևանում։ Զբաղվել է սպորտով, հաճախել է լողի, կարատեի և բոքսի։ Մինչև բանակ զորակոչվելը ընդունվել է ՀՊՏՀ՝ կառավարման բաժին։

Տիգրանն ընդամենը երկու ամիս էր ծառայել, երբ սկսվեց պատերազմը։  Բանակ էր զորակոչվել 2020 թ-ի հուլիսի 21-ին։  «Միշտ ժպտում էր, շատ խիզախ էր։ Ես միշտ ապահով էի զգում, երբ նա կողքիս էր։ Տիգրանը օգնության էր հասնում բոլորին։ Դեռ փոքրուց շատ հոգատար ու ընկերասեր էր։ Ամեն ինչի պատրաստ էր հանուն ընկերների։ Պատերազմի ժամանակ էլ, երբ զանգում էր հորը, ընկերներից էր հարցնում»,- պատմում է հերոսի մայրը։

Սեպտեմբերի 20-ին՝ Տիգրանի ծննդյան օրը, ընտանիքի անդամները գնացել էին Ջրական։ Անակնկալ էին արել։ Տիգրանը ամուր գրկել էր բոլորին ու ասել, որ հաջորդ անգամ ինքն է գալու։ Բայց դա նրանց վերջին հանդիպումն էր։ Տիգրանը մասնակցել է Ջրականի ու Հադրութի մարտերին։

Ծառայակից ընկերները պատմում են, որ 4 հոգով կռվել են հակառակորդի մոտ 80 հոգանոց  զորքի դեմ։ 4-ով պաշտպանել են իրենց ընկերներին, վերջիններս կարողացել են դուրս գալ շրջափակումից, իսկ իրենց դուրս գալ չի հաջողվել։ Հոկտեմբերի 10-ին, ականանետային հարվածից Տիգրանն անմահացել է: 72 օր հետո են կյաողացել գտնել նրա մարմինը՝ զենքը կողքին։