«Ինքը չթողեց, որ ծնունդի օրը մոտը գնայինք, երևի զինվորներն արդեն գիտեին սպասվող պատերազմի մասին». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ՎԱՀԵԻ մասին

Վահե Խաչիկի Նիկողոսյանը ծնվել է 2001 թվականին Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարին, ծառայել Մարտունի 3-ում: Վահեն բանակ էր մեկնել «Ես եմ» ծրագրով, որի շրջանակներում պետք է ծառայեր երեք տարի, փոխարենը ամեն ամիս մեկ շաբաթով կարող էր տուն գալ: Սակայն covid-19 համավարակի պատճառով նրա այցելությունները տուն այդպես էլ տեղի չունեցան:

Պատերազմի օրերին ինքնակամ տեղափոխվել է մարտի դաշտ և պայքարել թշնամու դեմ: Հերոսը զոհվել է 2020թ-ի նոյեմբերի 4-ին Մարտունիում:  Բանակից վերադառնալուց հետո ժամկետային զինծառայողը երազում էր իր խոհարարական հմտությունները ավելի զարգացնել եւ բացել սեփական ռեստորանը:

Սեպտեմբերի 30-ին Վահեի ծննդյան օրն էր: Ծնողները պատրաստվում էին մեկնել նրա մոտ տեսակցության, սակայն դրանից մի քանի օր առաջ նա զանգել է տուն ու ասել, որ իր մոտ գնալ պետք չէ: Մայրն ասում է, հավանաբար զինվորներն արդեն գիտեին սպասվող պատերազմի մասին:

«23 տարի ամուսնացած եմ, բայց շատ դժվարությունների մեջով անցած: Ամուսինս սրտի վիրահատություններով է անցել… շատ չարչարվել եմ, շատ… հույսներս Վահեն էր: Մտածում էինք` բանակից կգա, մեր հարցերը կկարգավորի: Ու էսպես եղավ: Ու ինքը իր հոժար կամքով գնաց: Ինքը մտածել է` ընկերներս գնում են, ես ոնց չգնամ, ընկերներիս կողքին պետք է լինեմ:

Անգամ հրամանատարն ասել է` Վահե, դու մի արի, էս քո կռիվը չի, ինքն էլ պատասխանել է` չէ, ես պետք է գնամ: Ինքը այդ ժամանակ դիրքերում էր, ավելի ապահով վիճակ էր: Ամսի 2- ին խոսացինք ու վերջ: Ձայնը շատ տխուր էր: Լավ ա լինելու, ասում էր, ամեն ինչ լավ կլինի: Բայց ինչ լավ: Ամսի 2- ից հետո էլ չխոսացինք: Ես չէի հավատում, հնարավոր չէր, որ իմ տղուն բան եղած լիներ » ,- պատմում է զոհված զինվորի մայրը` տիկին Սեդան:

Վահեից տասը օր լուր չունենալուց հետո հայրը ճանապարհ է ընկել դեպի Արցախ, սակայն ճանապարհին գյուղապետարանից զանգ է ստացել ու իմացել, որ Վահեն զոհվել է:

Վահեի 14-ամյա եղբայրը գիտի, թե ինչ է կատարվել իր ընտանիքում ու որ ինքը արդեն ընտանիքի միակ որդին է: Ասում է` պատրաստվում է անել այն ամենը, ինչը իր եղբայրը անել չհասցրեց. խոհարար է դառնալու ու հիմնելու է Վահեի երազած ռեստորանը: