Էս էն Զորյա՞նն է, որ մի կտոր շաքար ուտելու համար ծեծել են. միայն իմանաք՝ ինչ է գրել Ստեփան Զորյանն ինքն իր մասին

Ահա թե ինչ է գրել հայ գրող, արձակագիր, թարգմանիչ Ստեփան Զորյանն ինքն իր մասին.

Պետք է ասեմ, որ իմ մանկությունն ու պատանությունը հարուստ չէ բազմազան դեպքերով, արկածներով։ Շատերը կարծում են, թե «Մի կյանքի պատմության» մեջ նկարագրված բոլոր էպիզոդները բառացի վերաբերվում են ինձ, և դրա հիման վրա կազմում են կենսագրություն։ Իհարկե, սխալվում են։ Այդ գրքում կան, հարկավ, որոշ դեպքեր ու ապրումներ նաև իմ կյանքից, բայց մեծ մասամբ դրանք առնված են ինձ ծանոթ, ինձ շրջապատող իրականությունից։ Այնպես, որ «Մի կյանքի պատմությունը» չի կարող դառնալ հեղինակի կենսագրության աղբյուր։ Այն հանգամանքը, որ այդ գիրքը գրված է առաջին դեմքով, շատերին գցում է թյուրիմացության մեջ, ճիշտ այնպես, ինչպես Երևանում մեր տուն եկող գյուղացիները, դռան վրա կարդալով անուն-ազգանունս, միշտ հարցնում են մեր տնեցիներին.

— Էս էն Զորյա՞նն է, որ մի կտոր շաքար ուտելու համար ծեծել են…