Բժիշկ Լևոն Հովհաննիսյանը Սարիղամիշի ճակատամարտի ժամանակ մեծ թվով զինվորների կյանք է փրկել. բոլորը պետք է իմանան՝ ինչի միջով է անցել այս ՀԱՅԸ

Հայ թերապևտ, սրտաբան, բժշկության պատմության մասնագետ, Հայաստանում թերապիայի և սրտաբանության հիմնադիր Լևոն Հովհաննիսյանը 1914 թվականին զորակոչվում է ռազմա-բժշկական ծառայության Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատ։ 1914-1915 թվականներին նա 39-րդ հրետանային բրիգադի կրտսեր բժիշկ էր։ Հովհաննիսյանը անմիջականորեն աշխատում էր զորքերում և ապահովում զորքերին բժշկա-սանիտարական մասով։

1914 թվականի դեկտեմբերին՝ Սարիղամիշի ճակատամարտի ընթացքում բժշկական առումով ստեղծվել էր ծանր իրավիճակ։ Սարիղամիշի բոլոր բուժհաստատությունները լցված էին վիրավոր զինվորներով, բազմաթիվ վիրավորներ կենտրոնացված էին զորանոցներում, որոնք տեղակայված էին թշնամու կրակի հասանելիության գոտում։ Բժշկական անձնակազմի սակավաթվության պատճառով Սարիղամիշ են ուղարկվում զորամասային բժիշկներ, որոնց թվում՝ Լևոն Հովհաննիսյանը։ Իր հիշողություններում Հովհաննիսյանը գրում է՝

 Զորանոցի շենքը գերլցված էր վիրավորներով։ Այն նախատեսված չէր բժշկական նպատակների համար, այնտեղ չկար որևէ անկողին՝ վիրավորները պարզապես հատակին էին պառկել։ Ես արագորեն անցա աշխատանքի և արդեն կարճ ժամանակ անց աշխատանքը եռում էր։ Երեք ժամ անց ես հասկացա, որ մենք օգնություն էինք ցուցաբերում միայն այն վիրավորներին, ովքեր որևէ կերպ կարողանում էին հասնել մեզ մոտ, իսկ նրանք, ովքեր չէին կարողանում՝ մնացել էին առանց օգնության։ Ես սկսեցի շրջել տարածքով և շատ բավարարված էի, քանի որ հասցրեցի օգնել բավականին շատ վիրավորների։ 

1915 թվականից Հովհաննիսյանը Սարիղամիշի № 391 վարակային հոսպիտալի բժիշկ էր։ Հոսպիտալում, երեք ամիսների ընթացքում Հովհաննիսյանը պայքարում էր ինֆեկցիոն հիվանդությունների, մասնավորապես որովայնային և ետադարձ տիֆի դեմ։ Նույն թվականի մարտին Հովհաննիսյանը տեղափոխվում է Արևմտյան ճակատ, սկզբում ծառայում վիրակապային ջոկատում, իսկ 1916-1917 թվականներին Լեհաստանի տարածքում գտնվող 2-րդ գվարդիական կորպուսի սանիտարա-հիգիենիկ ջոկատի ղեկավարն էր։ Ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման համար Հովհաննիսյանը պարգևատրվել է Ռուսական կայսրության երկու շքանշաններով։

Պատերազմական տարիներին, լինելով ռազմական բժիշկ, Հովհաննիսյանը չի դադարել զբաղվել գիտական գործունեությամբ․ նա կատարել մի քանի գիտական ուսումնասիրություն՝ կապված ռազմական գործողությունների արդյունքում հաստատված իրավիճակի հետ։ 1957 թվականին Հովհաննիսյանը հրատարակել է իր հիշողությունները պատերազմական տարիներ մասին։

Հովհաննիսյանը զորացրվել է 1918 թվականին, պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Վերադառնալով Թիֆլիս, նա դեղագիտություն է դասավանդել քաղաքի բուժակների և մանկաբարձ-բուժակների դպրոցներում։ 1919 թվականին նա նշանակվել է Ռուսական կայսրության Նախիջևանի նահանգի նահանգային բժիշկ։