«Թուրքիայից բրոնզե մեդալով եկավ, ադրբեջանցու հետ էր կռվել ու հաղթել». մայրը պատմում է 19-ամյա ՀԵՐՈՍ ՈՐԴՈՒ՝ Հունանի մասին

«Հոկտեմբերի 9-ին նայում էինք ցուցակը ու կարդացինք Հունանիս անունը… Վատացա, էլ բան չեմ հիշում»,- հուզմունքով ասում է 51-ամյա Տիգրանուհի Մանվելյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է 19-ամյա որդուն։

Հունան Մանվելյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում։ Պատերազմը սկսվելուն պես եղել է Թալիշում, երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին զոհվել է։ 

Հունանի զինակից ընկերները պատմել են՝ երբ հրամանատարը հարվածից ընկել է, Հունանը վազել է, որ օգնություն ցույց տա, փրկի, բայց այդ պահին կրկին հակառակորդը հարվածել է, և տանկի կրակոցից Հունանն էլ է զոհվել։ Հունան Մանվելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հունանը մինչև բանակ գնալը զբաղվել է ըմբշամարտով: «40 մեդալ ունի, 70 պատվոգիր, 20-25 հատ գավաթ։ 2016-ին Թուրքիայում բրոնզե մեդալակիր ա եղել, ադրբեջանցու հետ կռվել ա, Թուրքիայից հաղթանակով ա եկել»,- պատմում է Հունանի մայրը։ 

Սպորտին զուգահեռ Հունանը սիրել է արվեստը՝ երգն ու երաժշտությունը։ Մայրն ասում է՝ որդին որոշել էր բանակից հետո սովորել կոնսերվատորիայում։

«Գործերը տվեց կոնսերվատորիա ու գնաց բանակ։ Շատ էր սիրում հայրենասիրական երգեր, վերջին տարիներին շատ էր երգում պատերազմի մասին երգեր։ Խնջույքներին ու առիթներին մշտապես երգում էր Հունանը»,- նշում է Տիգրանուհին։

Տիգրանուհին ասում է՝ երբեք չէին պատկերացնի, որ պատերազմում որդուն կկորցնեին, այժմ որդու ձայն ու երգն են ականջին, ապրում են հիշողություններով, որդու նկարներով ու տեսանյութերով։

«Սպասում եմ, որ մի օր դուռը կբացվի, ինքը ներս կգա»,- ասում է ու հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում Տիգրանուհին։