Պատերազմ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՍԵՐԸ. վիրավոր ՀԵՐՈՍԻ և բուժքրոջ սիրո պատմությունը

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ՀԵՐՈՍ Երջանիկ Ստեփանյանը հրաշքով ողջ մնաց: Նա հաղթահարեց պատերազմը, սակայն ստացավ բավականին ծանր ու լուրջ վնասվածքներ: Զինվորի տանը Երջանիկը 3 ամսից ավել բուժում ստացավ, հենց այնտեղ էլ հանդիպեց իր կյանքի ամենակարևոր մարդուն, իր երջանկությանը՝ բուժքույր Սոնային:

Երջանիկ Ստեփանյանն Արմավիրից է: Ծառայում էր Որոտանում (Կուբաթլու)։ Ասում է՝ այնքան հրաշալի տեղ էր, որ պատերազմը չլիներ, 2-ի փոխարեն 3 տարի էլ կմնար, բայց 9 ամսվա ծառայող էր, երկնքից սկսեցին ռումբեր թափվել։ Բեկորներից մեկը վնասել էր Երջոյի որովայնը, մյուսները` ձախ ոտքը, երկու ձեռքերը։

Երջանիկ Ստեփանյանն ու Սոնա Սարիբեկյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2022

Մայրը՝ տիկին Ազնիվը, հիշում է բժիշկների խոսքերը․ «Ապրելու շանսերը 50-50 են»։
«Շատ արյուն էր կորցրել, ինձ ասացին, որ նաև ոտքից է վիրավոր, մտածեցի՝ երևի կտրվել են, ինձ չեն ասում։ Վախենալով սավանը մի կողմ տարա, ասացի՝ փառքդ շատ լինի, Աստված ջան․․․»։ Դրանից հետո էլ մայրը պարբերաբար դեմքը որդու ոտքին էր հպում, որ տաքությունը զգա, վստահ լինի, որ հյուսվածքները չեն մեռել․․․

Հիվանդանոցից հետո Երջոն վերականգնողական բուժումները շարունակեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Հենց առաջին օրն էլ հանդիպեց նրան՝ բուժքույր Սոնային, որը նոր էր աշխատանքի անցել Զինվորի տանը։ Երջոյի զգացածն իր համար լրիվ նոր էր, ասում է՝ նախկինում երբեք չէր սիրահարվել, ոչ մի աղջկա սեր չէր խոստովանել։ «Սոնան բոլորից տարբերվեց,– ասում է նա ու ավելացնում,– առաջինն ու վերջինն է․․․»։

Երջանիկ Ստեփանյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2022

«Սկզբում չէի հասկացել, որ իմ հանդեպ անտարբեր չի, թեպետ անընդհատ ինձ կոնֆետներ էր բերում․․․ Հենց դուրս գրվեց, հանդիպեցինք, ինձ մատանի նվիրեց, հետո պապայիս հետ ծանոթացավ»,– պատմում է Սոնան։

Երջոյի ու Սոնայի առաջին հանդիպումից մոտ 3 ամիս անց նշանադրվեցին, 1 տարին էլ չանցավ՝ ամուսնացան։

Երջոն օրեր առաջ արդեն 5-րդ վիրահատությունն է տարել, բժիշկները հուսով են՝ նախավերջինն է։ Ոտքը վնասած բեկորը թեպետ հեռացվել է, բայց դրա թողած հետքն անընդհատ բորբոքվում է, անգամ հակաբիոտիկները չեն օգնում։ Ցավերն ու բոլոր փորձությունները հաղթահարելի են, որովհետև սերը կա՝ Սոնան կողքին է, նկատում է Երջոյի ամեն թեթև շարժումը, հոգոցը, դեմքի աննշան փոփոխությունը։

Երջանիկ Ստեփանյանի ու Սոնա Սարիբեկյանի հարսանիքը - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2022

«Ցավու՞մ է, դեղ բերե՞մ․․․»,- ցածրաձայն, հազիվ լսելի շշնջում է Սոնան ու վազում դեղի հետևից։ Երեխաների մասին էլ են արդեն մտածել, աղջկա անունը Սոնան է ընտրելու, իսկ տղայի դեպքում Երջոն ուզում է իր զոհված ընկերոջ՝ Իսոյի անունը դնել, որը վիրավոր փախել էր հիվանդանոցից, որպեսզի ընկերների կողքին լինի․․․