«Մտքովս անգամ չէր անցնում, որ փոքր տղայիս չեմ կարողանա նույն ձևով դիմավորել». պատերազմում անմահացած ՀԵՐՈՍԻ ՄԱՅՐ

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արման Ալեքսանյանը ծառայում էր Ստեփանակերտում: Մասնակցելով թեժ մարտերին՝ նա զոհվել է 2020թ-ի հոկտեմբերի 12-ին` Հադրութում: Արմանը ծառայության առաջին տարին անցկացրել էր ավագ եղբոր` Պարույրի հետ, ով զորացրվել է պատերազմից երկու ամիս առաջ:

Ստեփանակերտի «Ցոր»-ում նրանց ծառայությունը հանգիստ էր անցնում և տղաների մայրը որևէ անհանգստանալու առիթ չէր ունենում: 2020թ-ի ամռանը Պարույրին բանակից դիմավորելուց հետո տիկին Զարուհու մտքով անգամ չէր անցնում, որ կրտսեր որդուն նույն կերպ դիմավորել չի կարողանալու:

Զոհված զինվորի մայրը` Զարուհի Այվազյանը պատմում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան տան գործերն անելիս անընդհատ տարբեր բարեկամներից զանգեր էր ստանում, բոլորը հետաքրքրվում էին Արմանով, սակայն ինքը չէր հասկանում, թե պատճառը որն է. «Հետո անցավ մի քանի ժամ, եկա, հեռուստացույցը միացրի ու մնացի բազմոցին նստած: Ամուսինս այգուց ձայն է տալիս, ես դե չեմ պատասխանում: Զղայինացած եկավ, թե չես լսում … ինքն էլ դռան մոտ մնաց կանգնած: Ու վերջ, մեր ամբողջ օրն այդպես անցավ»:

Արմանից առաջին զանգը հնչել է հոկտեմբերի 2-ին: Խոսել է եղբոր հետ, ասել է, որ լավ է:  Ավելի ուշ պարզվել է, որ նա պատերազմի հենց առաջին օրը Ստեփանակերտից տեղափոխվել է Հադրութ` առաջնագիծ:  

Արմանը ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 12-ին: Հենց այդ օրը գիշերն էլ հերոսը զոհվել է: Վիրավորվել է մեջքից՝ բեկորների հարվածից, որի արդյունքում առաջացել էր դեմքի ֆացիալիս, այսինքն հարվածից դեմքի նյարդը վնասվել էր ու ծռվել: Մարմինը գտել են նոյեմբերի 23-ին, իսկ դեկտեմբերի 4-ին նոր իրենց մոտ է եղել:

Մայրը անձամբ է մտել դիահերձարան ու ճանաչել որդուն. «Հաստատ վստահ էի, որ ինքն է, բայց մեքենայով գալուց ասում էի` կարող է հիմա զանգի: Երբ Պարույրիս հետ տուն եկանք, ասեցի` պապային ու պապիկին մի ասա, որ ճանաչել ենք, կարող ա մենք սխալվում ենք, թող ԴՆԹ-ն էլ հաստատվի… մինչեւ վերջին պահը դեռ հույսը կար»: