«Վերժուկ սուրճ եմ դրել, կուզե՞ս խմել». Հրանտ Մաթևոսյանի կնոջ հուշերը Վարպետի վերջին օրվա մասին

Այդ օրն ինքն առավոտյան ժամը վեցին վեր կացավ: Ասաց. «Վերժուկ (այդպես էր ասում) սուրճ եմ դրել, կուզե՞ս խմել»: Ասացի, բայց ժամը քանի՞սն է, Հրանտ: Ասաց. «չգիտեմ, դրել եմ»: Վեր կացա, միասին նստեցինք խոհանոցում, սուրճ խմեցինք: Ես պետք է գնայի աշխատանքի: Դավիթն ու հարսս եկան իր մոտ: Ցերեկները միշտ գալիս էին: Հետո զանգահարեցին, ասացին, որ ցավազրկող բերեմ, որովհետև Հրանտը ցավեր ունի: Երբ տուն հասա, Հրանտը պառկած էր: Ոչինչ չէր կերել, թեպետ իր սիրած բանն էի պատրաստել: Արդեն չեմ էլ հիշում, թե ինչ: Ու չէր խոսում: Ասացի Հրանտ, հաց կերե՞լ ես: Մի կերպ ասաց. «չեմ ուզում» ու ձեռքով ցույց տվեց, որ երեխաներին տանից դուրս հանեմ:

Հանկարծ անսպասելի սկսեց խոսել ծնողներից, ընտանիքից, եղբորից: Հետո սկսեց ինչ-որ մարդկանց հրել, պայքարել ինչ-որ մարդկանց դեմ, որ իրեն չքաշեն, չտանեն: Ի՜նչ կերպ էր պայքարում: Հասկացա, որ հոգևարք էր ապրում: Իր բժշկուհին մեր տանն էր: Ցավազրկող տվեց: Մի երկու բառ էլ ասաց ու հանգչեց: