Անդրանիկի վերադարձը հայրենիք․ որն էր զորավարի վերջին պատգամը և ինչպես նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան

Կյանքի վերջին տարիները Անդրանիկ Օզանյանն ապրել է Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում: Առողջական խնդիրների պատճառով 1927-ին բժիշկները Անդրանիկին խորհուրդ են տալիս առողջարանային բուժում ստանալ:

Կնոջ՝ Նվարդ Քյուրքչյանի հետ, Անդրանիկը սկսում է բուժումը Կալիֆորնիայի Չիկո քաղաքի մոտակայքում գտնվող առողջարանում, որտեղ էլ մահանում է անգինայից 1927-ի օգոստոսի 31-ին: Մեծ զորավարի պատգամն էր իր աճյունը Հայաստան տեղափոխելը։ Նա այդ մասին ասել է կնոջը դեռ մահից առաջ․

«Մահվան համար չեմ ցավիր, կցավիմ, թե որքան ուրախ պիտի ըլլան թուրքերը:  Մահս չեմ հոգար այլ գործս, որ կիսատ մնաց: Եթե այս անգամ ցավը զիս տանի, մարմինս օտար հողի վրա չթողուս, անպայման Հայաստան փոխադրեք։ Եթե զիս հայրենիք չընդունին, ձեռքիս ցուցամատը կտրել կուտաս եւ հոն կղրկես, տեղ մը թող թաղեն:  Աս մատս շատ աշխատած է հայրենիքի համար եւ շատ հոգնած է, թող հայրենի հողին մեջ հանգստանա»։

Մահից մեկ շաբաթ հետո՝ սեպտեմբերի 7-ին, Անդրանիկի զինակիցներն ու ընկերները նրան զինվորական արարողակարգով հողին են հանձնում Ֆրեզնոյի Արարատ գերեզմանատանը: Խորհրդային Հայաստան բերելու համար Դագաղը Կալիֆորնիայից տեղափոխվում է Ֆրանսիա:

Բայց նոր խորհրդայնացած Հայաստանի իշխանությունները թույլ չեն տալիս այն Հայաստան հասցնել։ Անդրանիկի աճյունը 1928-ի հունվարի 29-ին ամփոփվում է Փարիզի ամենահայտնի՝ Պեր Լաշեզ գերեզմանատանը:

1998-ին Հայաստան բերվեց Սոսե Մայրիկի աճյունը։ Իսկ դրանից հետո 2000 թվականի փետրվարի 19-20-ին Անդրանիկի աճյունը հատուկ արարողակարգով ու չվերթով տեղափոխվեց Հայաստան Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատնից: Այն ամփոփվում է Եռաբլուրում՝ Վազգեն Սարգսյանի գերեզմանի հարևանությամբ: