«Դուք միայն լսում եք դրա մասին, իսկ մենք դա մեր աչքերով ենք տեսել». ճանաչենք դաժան ճակատագրով ՀԱՅԻՆ

Լուսանկարում Հայոց ցեղասպանությունը վերապրած Հայկ Ահարոնյանն է, ում հուշերը գրի է առել որդին` Էմանուել Սերժ Ահարոնյանը:

1905 թ. մայիսի 25-ին Սեբաստիայում ծնված Հայկ Ահարոնյանը սկզբնական շրջանում հաճախել է տեղի հայկական մասնավոր դպրոցը: Երբ թուրքերը հայտնել են հայերի հայերի տեղահանության մասին, ընտանիքին առաջարկել են կրոնափոխ լինել և տեղում մնալ, սակայն Հայկի հայրը` Մանուելը, պատասխանել է, որ քրիստոնյա է ծնվել, քրիստոնյա էլ կմեռնի: Մեծ Եղեռնի ժամանակ Ահարոնյանը կորցրել է 84 ազգականների և նրանցից միայն Լևոն Դարբինյանին է հաջողվել անցնել ռուսական սահմանը` ապաստան գտնելով Արևելյան Հայաստանում:

Հայկին մի թուրք տարել է Մալաթիայի իր ագարակ, որտեղ նա ինը տարի աշխատել է թուրքի համար: Նա նշել է, որ թուրքն այդկերպ իրեն փրկել է, քանի որ 6-7 և ավելի տարեկան երեխաներին սպանում էին, որպեսզի չհիշեին իրենց հայ ու քրիստոնյա լինելը: Տանտիրոջ ցուցումով երկու թուրք հարևաններին գնդակահարելուց հետո նրան առաջարկել են փախչել Մալաթիայից: Հայկը, 19 տարեկանում շատ դժվարություններ հաղթահարելով, վերադարձել է Սեբաստիա: Գնալով իր հոր տուն` հայտնաբերել է, որ թուրք ընտանիք է այնտեղ ապրում: Երբ նա հայտարարել է, որ տունն իր ընտանիքին է պատկանում, թուրքերը նրան պատասխանել են. «Գյավո՛ւր, հեռացի՛ր, թե չէ գլուխդ կկտրենք»:

Այսպիսով` Հայկը ձեռնարկել է մեկ այլ վտանգավոր ճանապարհորդություն դեպի Կոստանդնուպոլիս` ցանկանալով այնտեղից մեկնել Ֆրանսիա կամ ԱՄՆ: Պոլսում նրան բանտարկել են երկիրը լքելու մեղադրանքով: Բանտում նա ծանոթացել է Գևորգ Հալաջյանի (Թափառականի) հետ, և այդ հանդիպումը նկարագրված է Հալաջյանի «Դէպի կախաղան» վերնագրով հուշագրության մեջ: Թափառականը Ահարոնյանին բնութագրում է որպես «տարագրութեան ժամանակ ծնողքը կորսնցուցած, անլուր չարչարանքներով անապատի կիզիչ արեւուն տակ մարմինը խանձած, սիրելիներու կսկիծով սիրտը խոցոտած, մատներով գերեզման փորած, քոյր, եղբայր, հայր, մայր անապատի աւազներուն մէջ թաղած, բայց չյուսահատած, չբարոյալքուած» պատանի: Բանտում 40-45 օր տանջահար արվելուց հետո նրան մի հայ է գտել և, պահապաններին վճարելով, ազատել: Հայկը իտալական նավ է նստել և անգլերենով նավապետին պատմել իր պատմությունը: Վերջինս թաքցրել է նրան նավում:

1924 թ. Հայկ Ահարոնյանը բարեհաջող հասել է Տրիեստ և գնացել Վենետիկ` Մխիթարյանների մոտ: Ավելի ուշ նա Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում աշխատել է որպես ուսուցիչ: Աշակերտներից մեկի` Գաբրիել Զարմանյանի հրավերով մեկնել է Տրիպոլի (Լիբիա): Այնտեղ ամուսնացել Գաբրիելի քույր Նվարդի հետ: Առաջնեկի ծննդից 33 օր անց Նվարդը մահացել է: Ավելի ուշ նա ամուսնացել է ցեղասպանությունը վերապրած էրզրումցի Փայլուն Սիրունյանի հետ:

Հայկը և Նվարդը, 1937թ

Որդուն ուղղված նամակներում Հայկ Ահարոնյանը միշտ բողոքել է, որ քաղաքացիություն չունեցող անձ է: Վենետիկում ապրելիս Նանսենյան անձնագիր է ստացել: Նա ցանկացել է քաղաքացիություն ստանալ Իտալիայում, սակայն, քանի որ անդամակցությունը ֆաշիստական կուսակցությանը որպես նախապայման է դրվել, հրաժարվել է այդ գաղափարից:

1948 թ. Հայկ Ահարոնյանը որոշել է Տրիպոլիում բարեկեցիկ կյանքը թողնել և վերադառնալ Խորհրդային Հայաստան. «Ես հոգնել եմ աներկիր մարդ լինելուց: Մենք հայ ենք, և Հայաստանը մեր հայրենիքն է: Ի վերջո ընտանիքս հայ լինելու պատճառով է սպանվել»: Նրանց տեցեկացրել են, որ պետք է հասնեն Կահիրե` հայրենադարձների խմբին միանալու համար: Դա 2,500 կմ. ճանապարհ էր Սահարա անապատով, և նախկին ձախողումները ստիպել են ընտանիքին հրաժարվել այդ ձեռնարկից:

1970 թ. ընտանիքը վերադարձել է Իտալիա: 1976 թ. Հայկ Ահարոնյանը կրկին դիմել է քաղաքացիություն ստանալու համար: Այս անգամ նրան քաղաքացիություն է շնորհվել մահից մեկ շաբաթ անց:

Որդուն հասցեագրված նամակում Հայկը գրում է.

«Մեզ թուրքերն են բարբարոս ձևով կոտորել... Նրանք հորս սպանել են աչքիս առաջ, իսկ մորս` բաժանել ինձնից: Նա գրկել էր երկուս ու կես տարեկան աղջկան` Շնորիկին: Ես Պերճուհի անունով վեցամյա գեղեցկուհի քույր ունեի և ութամյա եղբայր` Արտաշես: Ես չգիտեմ, թե նրանք ուր են տարվել, և թե ինչպես են թուրքերը դաժանորեն սպանել նրանց իմ բոլոր ազգականների հետ միասին: Նրանք ինձ և մյուս հայ տղաներին տարել են: Դա մոռանալու բան չէ»: Տեղահանության ընթացքում կրած տառապանքների մասին իր ընտանիքի անդամներին պատմելիս Ահարոնյանը միշտ նշել է. «Դուք միայն լսում եք դրա մասին, իսկ մենք դա մեր աչքերով ենք տեսել»:

 Նյութը վերցված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջից: