Չարեք բերդ. գիտե՞ք՝ որտեղ է այն գտնվում և էլ ինչ անուններով է այն հայտնի

Շամքոր (Չարեք) և Գետաբակ գետերի միախառնման տեղում, հրվանդանաձև երկարած լեռնաճյուղի ապառաժ վերջավորության, ծովի մակերևույթից 1110 մ բարձրության վրա (գետափից ունի 100 մ բացարձակ բարձրություն) գտնվում է Չարեք բերդը, որը հայտնի է նաև Սահակ Սևադայի բերդ, Շամքորի բերդ, Մամռոտ բերդ անուններով:

Բերդն ազատագրվել է Իվանե Զաքարյանի կողմից. «Եւ մեծն Իւանէ անուանի եղեալ քաջարութեամբ՝ առնու զՉարեքն և զամենայն շրջակայս նորա և ապա ձեռն տուեալ ազգայնոյն իւրոյ՝ Վահրամայ որդւոյ Զաքարիայ…»

Ի թիվս Հայաստանի բազմաթիվ այլ բերդերի՝ Չարեքը գրավում են մոնղոլները.

«…Ղատաղա նոյինն՝ զկողմանս Չարեքին, զԳետաբակուց և զՎարդանաշատու…»: Այս մասին վկայություն ունի նաև Գանձակեցին:

Հետագա դարերում բերդի մասին աղբյուրների լռությունը հուշում է, որ մոնղոլների գրավումից հետո բերդի ռազմավարական նշանակությունն այլևս չի վերականգնվել:

19-րդ դարի վերջին Չարեք բերդ են այցելել տեղագիր մի քանի հեղինակներ, որոնք, սակայն, բավարարվել են ամենահամառոտ, մինչև իսկ հպանցիկ նկարագրություններով: Ահա դրանցից մեկը.

«Վանքից դէպի Գանձակ տանող ճանապարհի վրայ, երկու վերստաչափ հեռաւորութեամբ, նոյն Շամխոր կարկաչահոս գետի վրայ, շատ բարձր, նոյնպէս անտառապատ ապառաժի վրայ, երևում է բարձր աշտարակներով և ամբողջովին թրծած կարմիր աղիւսով շինուած բերդը ահագին տարածութեամբ պարիսպներով, որին կոչում են Շամխորի բերդ՝ գետի անունով, իսկ թուրքերը՝ Մամուր կալասի…»: