«Եվ ներս մտավ երջանկությունը՝ համեստ, սևահեր աղջկա տեսքով». Արամ Խաչատրյանի և Նինա Մակարովայի սիրո պատմությունը պետք է բոլորն իմանան

Արամ Խաչատրյանն ու Նինա Մակարովան ծանոթացել են Մոսկվայում սովորելու տարիներին:

Տարիներ անց Արամ Խաչատրյանն իր հուշերում կգրի․

«Դուռը թակեցին։ Պրոֆեսոր Ժիլյաևը, որի դասարանում ես կոնտրապունկտ էի սովորում, ասաց․ «Մտեք»։ Եվ ներս մտավ երջանկությունը՝ համեստ, սևահեր աղջկա տեսքով։ Անաղմուկ նստեց աթոռին, դասասենյակի մի անկյունում։ Ես նայեցի այդ կողմ։ Դեմքին լրջություն և կենտրոնացում էր գրված։ Ես նորից նայեցի․․․ պրոֆեսորի խոսքերը գրեթե չէին հասնում իմ գիտակցությանը։ Ես տանջալից կերպով փորձում էի հասկանալ, թե ինչի մասին է նա մտածում, ինչի վրա է այդքան կենտրոնացած, թե ինչու են նրա աչքերն այդքան տխուր։ Դասի վերջում հասկացա, որ չեմ կարողանա ապրել, մինչև չպարզեմ այդ բոլոր հարցերը։ Կարելի է ասել՝ ես մինչև օրս էլ փորձում եմ պարզել դրանք․․․»։

Հետո գրում է․ «Նինա Մակարովան, ինչպես և ես, կոմպոզիցիա էր սովորում Ն․Մյակովսկու դասարանում։ Նա տաղանդավոր էր գրում, յուրօրինակ։ Ես տարված էր և՛ նրա ստեղծագործությամբ, և՛ նրա գեղեցկությամբ։ Նա փխրուն էր թվում, թույլ։ Եվ ես ձեռքս մեկնեցի նրան, որ միասին քայլենք կյանքի ճանապարհով»․․․

1940 թվականին սիրող զույգի ընտանիքում ծնվում է երկար սպասված որդին՝ Կարենը։ Թվում էր՝ երիտասարդ ընտանիքին միայն ուրախություն ու բարեկեցություն է սպասում․․․

Սակայն Հայրենական մեծ պատերազմը ստիպեց կտրուկ փոխել ամբողջ կենսակերպը։ Նինան և երեխան մյուս կոմպոզիտորների ընտանիքների հետ տարհանվեցին Սվերդլովի մարզ։ Իսկ նրա ամուսինը, Պերմում «Գայանե» բալետի բեմադրության վրա աշխատելիս, 40 աստիճան ցրտին, նվազագույն պայմանների բացակայության պայմաններում գրեց «Սուսերով պարը»։ Նամակներից մեկում Խաչատրյանը խոստովանում է․

«Նինուշա, ես ամբողջովին վիրավոր եմ, ես կարոտում եմ, չեմ կարողանում ապրել առանց քեզ ու առանց Ռենիկի։ Վախենում եմ կորցնել ձեզ և այլևս չտեսնել»։

1943 թվականին ընտանիքը վերադառնում է Մոսկվա։Պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականին, Երևանում տեղի է ունենում համատեղ համերգ, որտեղ առաջին բաժնում ելույթ է ունենում Մակարովան, իսկ երկրորդում՝ Խաչատրյանը ։ Նինա Վլադիմիրովնան մահացել է 1976 թվականին, իսկ նրա ամուսինը՝ երկու տարի անց։