Լուսանկարի կինը ՀԱՅ առաջին վիպասանուհին է. գիտե՞ք՝ ով է նա և որ բանաստեղծի հետ մտերմական սերտ կապերն են վերաճել զգացմունքների

Հայ առաջին վիպասանուհին արևմտահայ գրող, բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ Սրբուհի Տյուսաբն է՝ նույն ինքը Սրբուհի Վահանյանը:

Ծնվել է 1841 թվականին Կոստանդնուպոլսի Միջագյուղ (Օրթագյուղ, Օրթաքյոյ) թաղամասում։ Սկզբնական կրթությունը ստացել է Միջագյուղի ֆրանսիական դպրոցում։ Մեկ տարեկան հասակում կորցրել է հորը։ Ֆրանսերեն, բնական գիտություններ և պատմություն է ուսանել եղբոր՝ քիմիկոս ու պետական բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Վահանի մոտ։ 1869 թ. մեկնել է Փարիզ, կապեր հաստատել ֆրանսիացի հայտնի խմբագիր Ժյուլյետա Ադանի, կոմպոզիտոր Շառլ Գունոյի, Ամպրուազ Թոմայի և այլոց հետ։ 1891 թ. վերադարձել է Կ. Պոլիս։ Բանաստեղծուհու կյանքում բեկումնային է եղել ծանոթությունը բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ, ումից Տյուսաբը հայերենի դասեր էր վերցնում։ Հետագայում նրանց միջև մտերմական սերտ կապերը վերաճել են զգացմունքների։

Մի շարք ուսումնասիրողներ անդրադարձել են բանաստեղծի անպատասխան սիրուն իր աշակերտուհու հանդեպ, որը երևում է նրա որոշ բանաստեղծություններում։ Ա. Շարուրյանի համոզմամբ, որոշ հիմքեր կան կարծելու, որ Սրբուհին նույնպես խոր և քնքուշ զգացմունքներ է ունեցել իր ուսուցչի հանդեպ։ Պեշիկթաշլյանի վաղաժամ մահվան բոթը ծնունդ է տվել «Ի հիշատակ պ. Մ. Պեշիկթաշլյանի» ողբերգին։ 1864 թ., երբ բանաստեղծուհու մայրը՝ Նազլը Վահանը հիմնում է Աղքատախնամ տիկնանց ընկերությունը և դառնում նրա ատենապետուհին, Սրբուհին՝ որպես օգնական ատենադպիր, աջակցում է մորը, մասնակցում տարբեր միջոցառումների կազմակերպմանը։

1869 կամ 1870-ական թվականներին Սրբուհին ամուսնացել է իր երաժշտության ուսուցիչ, ֆրանսիացի դաշնակահար, «ամուսիններուն լավագույնը» Պոլ Տյուսաբի հետ, որը ժամանակագրի կողմից հիշվում է որպես բեյ, այնուհետև փաշա տիտղոսով և վարում էր արքունական երաժշտախմբի ղեկավարի պաշտոնը։

1887 թ. հետո քրոնիկական գլխացավերի պատճառով դադարում է զբաղվել գրական գործունեությամբ։ Հանգանակություններ է կատարում Դպրոցասեր տիկնանց ընկերության և Երզնկայի դպրոցի օգտին, օժանդակում է Գալֆայան որբանոցին, այցելում մի շարք դպրոցներ։ Նրա շնորհիվ ձեռք է բերվում Հովհ. Այվազովսկու նկարներից մեկը և դրվում Միացյալ ընկերության վիճակահանության։ Տյուսաբը հովանավորում է նաև Ասիական ընկերության լսարանները՝ կազմակերպելով գրական-երաժշտական հանդեսներ, ղեկավարում Պետրոս Ադամյանի բեմական գործունեության 25-ամյա հոբելյանի տոնակատարության մասնախումբը։

1889 թ. նոյեմբերին Տյուսաբը դստեր հետ մեկնում է Փարիզ՝ բուժվելու։ Ճանապարհին կանգ է առնում Պլովդիվ քաղաքում, որտեղ նևրոպաթոլոգ Ժան Մարտեն Շարկոն նրա մոտ հայտնաբերում է նյարդային սուր բորբոքումներ և իր նշանակած բուժումով էապես թեթևացնում նրա վիճակը։ Տյուսաբը մոտ երկու տարի մնում է Փարիզում։ 1891 թ.՝ Պոլիս վերադառնալուց մի քանի ամիս անց, թոքախտից մահանում է նրա դուստը՝ 18-ամյա Դորին։

Տյուսաբը մահացել է 1901 թ. հունվարի 3 (16)-ին՝ 60 տարեկան հասակում՝ քաղցկեղից։ Նրա աճյունն ամփոփվում է Շիշլիի Լատինաց գերեզմանատանը՝ դստեր կողքին։