«Անասելի մեծ ցավ է տեսնել եղբորդ մահը, երբ դու ընդամենը 10 մետր ես հեռու, բայց օգնել չես կարողանում»․ հերոս Արման Մալխասյանի պատմությունը

Հայրենիքի համար կյանքը զոհած հերոս Արման Վաղարմենի Մալխասյանը ծնվել է 2000 թ., Գեղարքունիքի մարզի Վաղաշեն Գյուղում: Նրա ծնողները մանկավարժներ են։

Գերազանցությամբ ավարտել է դպրոցն ու 2018 թ. ընդունվել ՀՊՏՀ:  2019 թ. հունվարին զորակոչվել է բանակ, ծառայել է Հադրութում: Սերժանտ է եղել, դիրքի ավագ,  մասնակցել է մարտական գործողություններին, արիաբար կռվել է մինչև հոկտեմբերի 14-ը։ Բայց փորձելով փրկել ծառայակցի կյանքը, զոհվել է: Չդադարող արկերի հոսքից զոհվել է նաև ծառայակիցը։

Արմանը ծառայել է եղբոր հետ` Արթուրի, նույն զորամասում: Այժմ Արթուրը տանն է, զորացրվել է։ Արմանը սառը և ճիշտ դատելու, վերլուծելու հիանալի կարողություն ուներ։ Նա եղբոր հետ ընկերոջ պես էր, օրինակ էին միամյանց համար։ Եղբոր խոսքով մեր հերոսը նաև լավ խորհրդատու էր։

Անասելի մեծ ցավ է. Արթուրը աչքերի առաջ է ամեն ինչ տեղի ունեցել։ Նա տեսել է եղբոր մահը ու նրանից ընդամենը 10 մետր հեռու է եղել…

Արմանը հայրենասեր երիտասարդ էր, բանաստեղծություններ էր գրում Հայաստանի, հայ եկեղեցու ու հայի հավատի մասին: Իրենց դիրքի մատուռի կողքին էլ սպիտակ քարերով մեծ խաչ էր սարքել ու իր ձեռքով գրել` «Աստված պահապան բոլոր հայ դիրքապահներին»: Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին։