«Կյանքի գնով հերոսներ մենք չէինք ուզում»․ նրանց վաշտը ստացել էր բարձունքը պաշտպանելու հրաման․ հերոս Կամո Ղամբարյանի պատմությունը

Հանուն հայրենիքի նահատակված հերոսներից է Կամո Ղամբարյանը։ Նա ծնվել է 2001թ-ի սեպտեմբերի 29-ին, Վանաձոր քաղաքում: Հերոսի մասին պատմել է նրա քույրը՝ Էմման։ Քրոջ խոսքերով Կամոն համեստ ու զսպված տղա էր։ Շատ էր սիրում սպորտը, զբաղվում էր «Հանդբոլ» սպորտաձևով:Հանգիստ էր, լուռ ու խոհեմ: Սիրում էր երբեմն լինել մենակ և տարվել մտքերով։

Կամոն 2020 թվականի հունվարի 12-ին զորակոչվել է բանակ՝ հայրենիքին իր բաժին պարտքը տալու: Մեր հերոսը մասնակցել է ամենաթեժ կռիվներին՝ պատերազմի հենց սկզբից։ Նա վաշտի կազմով ստացել է խնդիր անցնել պաշտպանության՝ Դուդուլ բարձունքում:

Սեպտեմբերի 29-ին Կամոյի ծննդյան օրն էր, զանգել է տուն՝ բոլորի հետ խոսելու․ «Իր ծննդյան օրը ընկերների հետ միասին զանգել էր տուն ու երգում էր մայրիկիս համար։ Չէր թողնում, որ մենք զգայինք, թե սահմանին իրականում ինչ-որ բան է կատարվում»,- ասում է Կամոյի քույրը: Կամոն ծառայության ընթացքում կրտսեր սերժանտի կոչում էր ստացել։ Սիրում էր պայքարել ու դա գնահատեցին բոլորը։

Էմման, թեև անսահման հպարտ է հերոսի քույր լինելով, բայցև… «Երբեք չէի ցանկանա, որ իմ օրինակով շատ քույրեր լինեին, երբեք չէի ցանկանա, որ այս գնով հերոսներ ունենայինք: Այս օրերի ընթացքում շատ էինք լսում արտահայտություններ, որում ասվում էր՝ մեզ այդպիսի հերոսներ պետք չեն, բոլորիս էլ հերոսներ պետք են, բայց կյանքի գնով հերոսներ մենք չէինք ուզում»,- սրտի խորը կսկիծով նշում է Կամոյի քույրը: