«Ես կրակոցների ձայներ էի լսում․ համոզում էր, որ ամեն ինչ լավ է լինելու․ Ասեց՝ կգամ, բայց չեկավ»․ հերոս Ռաֆայել Մխչյանի մասին պատմում է կինը

Արցախյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Ռաֆայել Մխչյանը 27 տարեկան էր։ Հերոսը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, իսկ ավարտելուց հետո ծառայության էր անցել Արցախում՝ Ջրականում (Ջաբրայիլ)։

Ռաֆայելը նոր էր ամուսնացել՝ 2019 թ-ի ամռանը։ Կնոջը տարել էր Ջրական ու այնտեղ միասին էին ապրում։ Հերոսի կինը պատմում է, որ սեպտեմբերի 27-ին իրենք Հայաստանում էին, Ռաֆայելին 1 ամսով արձակուրդ էին տվել, բայց պատերազմի մասին լուրը լսելուն պես շտապել էր առաջնագիծ։

«Իրեն ոչ մեկը չէր կանչել, բայց գնաց․․․ Խառնվել էր իրար, զանգում էր զինվորներին, անհասանելի էին։ Սեպտեմբերի 28-ի առավոտյան գնաց Արցախ, ճանապարհին անընդհատ զանգում էի, ասում էր՝ ամեն ինչ լավ է»,-պատմում է հերոսի կինը։

Ամուսնու հետ վերջին անգամ հեռախոսով խոսել է հոկտեմբերի 2-ին, այդ ժամանակ նա առաջնագծում էր։ «Ես կրակոցների ձայներ էի լսում․․․ Ասեց՝ մի լաց, չէր սիրում, որ ես լաց էի լինում, համոզում էր, որ ամեն ինչ լավ է լինելու ու, որ անպայման գալու է։ Ասեց՝ կգամ, բայց չեկավ»։

Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ռաֆայելը զոհվել է։ «Ոչ մի տեղեկություն չկար, անհասանելի էր․ տարբեր բաներ էին ասում ծառայակիցները, մինչև որ ծնողները եկան Ռուսաստանից, ԴՆԹ հանձնեցին ու նոյեմբերի 18-ին զանգեցին սկեսրայրիս, ասացին՝ հաստատվել է ԴՆԹ-ն»։ Ռաֆայել Ալբերտի Մխչյանը հուղարկավորվել է նոյեմբերի 23-ին՝ Եռաբլուրում։