Ինչու է Շիրազը երեխաների նկարներն ամրացրել գրքի էջերին․ մի հետաքրքիր պատմություն հայտնի գրողի կյանքից

Հովհաննես Շիրազի սեղանի գիրքը «Նարեկն» է եղել, որն այսօր էլ պահվում է նրա հուշատուն–թանգարանում։ Նա հավատում էր գրքի գերբնական ուժին, նույնիսկ անձամբ զավակների նկարներն ամրացրել է գրքի էջերին՝ նրանց պաշտպանելու համար։

Հայ գրողը մեծարել է Նարեկացուն, համեմատելով նրան մյուս հեղինակների ու իր հետ ասել է, որ մենք արծվի առաջ փոքր ճնճղուկներ ենք:

Այսօր էլ բանաստեղծի «Նարեկը»՝ զավակների նկարներով, նրա հուշատուն-թանգարանում է` այն նույն տան գրասեղանին, որտեղ մեծանուն չհասցրեց ապրել։ Այյդ տունը թանգարանի է վերածվել ու գործում է 2003թ. սեպտեմբերից:

Շենքը հին կառույց է` 1868 թվականի, եղել է մեծահարուստ վաճառականի տուն: Հետո եղել է նաև արտադրամաս: Տունը հենց այն նույն փողոցում է, որտեղ գտնվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: Չնայած Շիրազը չի հասցրել ապրել այս տանը, բայց հենց այստեղ՝ Իսահակյանի տան հարևանությամբ է ցանկացել օրերից մի օր թանգարան ունենալ: