Հենց այս ՀԱՅԻ շնորհիվ պատերազմի թեժ օրերին ծնվեց «Փառք սովետական բանակին» երգը. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը և որ թերթում այն տպագրվեց

Խոսքը հայ խորհրդային կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Արամ Մովսեսի Սաթունցի (Սաթյան) մասին է՝ ծնված 1913 թվականի փետրվարի 5-ին:

Satunc.jpg

Սովորել է Բաքվի (1938-1941 թթ.) և Երևանի (1944-1947 թվականներ) կոնսերվատորիաներում։

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Եղել է Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի զինվոր-երաժիշտների էստրադային նորաստեղծ նվագախմբի ղեկավարը։ Պատերազմի թեժ օրերին է ծնվել Սաթունցի Աշոտ Գրաշու խոսքերով գրված «Փառք սովետական բանակին» երգը, որը տպագրվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի օրգան «Լենինյան դրոշ» թերթում։

1945 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որպես երաժշտական բաժնի վարիչ, 1949-1974 թ.՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում (երաժշտական խմբագրության գլխավոր խմբագիր, ապա երաժշտական ձևավորումների խմբագրության պատասխանատու խմբագիր)։

1950 թվականից մինչև 1955 թվականը եղել է Թամանյան դիվիզիայի երգի և պարի ինքնագործ անսամբլի գեղարվեստական ղեկավարը, Անդրկովկասյան զինվորական օկրուգի օլիմպիադայում շահել 2-րդ մրցանակը:

Գրել է «Ատամնաբույժն արևելյան» երաժշտական կատակերգությունը (ըստ Հակոբ Պարոնյանի, 1938 թ.), «Զանգեզուր» սիմֆոնիկ պոեմը (1947 թ.), «Վերածնված նաիրյան երկրի երգերը» վոկալ-սիմֆոնիկ շարքը (1979 թ.), «ժողովրդի սխրանքն անմահ է» կանտատը (1980 թ.), «Տոնական պարային սյուիտ» փողային նվագախմբի համար (1967 թ., «Փառք Սովետական բանակին», Ալեքսանդրովի անվան մեդալ, 1974 թ.), «Հայկական ֆանտազիա» (1960 թ.) և «Օլիմպիական սպորտային պարային սյուիտ» (1980 թ.)՝ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համար, կամերային-գործիքային երկեր (Սոնատ-պոեմ դաշնամուրի համար, 1946 թ. և այլն), բազմաթիվ երգեր, ռոմանսներ, պարեր, քայլերգեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկ ներկայացումների համար։

Հրատարակվել է Սաթունցի երգերի 3 ժողովածու (1969, 1975, 1983 թթ.)։ Կազմել և խմբագրել է մանկական երգերի ժողովածուներ։