«Ստիպելու եմ բոլորին ընդունել Արցախի անկախությունը ու հենց ես էլ դառնալու եմ Արցախի նախագահ». կարդա՛ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ Հայկի պատմությունը

Ամեն օր պիտի շնորհակալ լինենք մեր Արծիվներից, որ այսօր ապրում ենք: Նրանք տվեցին իրենց կյանքը, որ մենք կարողանանք ոտքներս ամուր դնել հողին: Նրացից մեկն էլ մեր հերոս Հայկ Ղուլյանն է:

Հայկը ծնվել է 2001 թվականին Արցախի Մարտունու Շեխեր գյուղում: Սովորում էր ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, սակայն առաջին կուրսն ավարտելուն պես մեկնել է բանակ, հետագայում ուսումը շարունակելու հստակ որոշմամբ:

Բոլոր դաընկերները հիշում են՝ Հայկը բոլորին օգնում էր, շատ եռանդուն ու նպատակասլաց էր, իսկ հիմնական նպատակը Արցախի նախագահ դառնալն էր:

«Հայկը շատ հայրենասեր էր, միշտ մեր կուրսեցիներին ասում էր, որ երբ դառնամ Արցախի նախագահ, դուք լինելու եք իմ օգնականները և անընդհատ խոսում էր Արցախյան հարցի կարգավորման մասին և ասում՝ Արցախյան հարցը կարգավորելու եմ միայն բանակցությունների միջոցով, ամբողջ աշխարհին ստիպելու եմ ճանաչել Արցախի անկախությունը»:

Ծառայության անցավ 2019 թվականին, ծառայում էր  նախ Մեխակավանում, ապա Զինավանում: Պատերազմի հենց առաջին օրվանից Հայկը առաջնագծում էր ու կռվում էր հանուն հայրենիքի:

Ասում էր, որ ուզում է ծառայությունից հետո ուսումը շարունակել Գերմանիայում: Բայց ճակատագիրը նրա համար այլ բան էր նախատեսել: Հերոսը զոհվեց 2020թ-ի հոկտեմբերի 4-ին բեկորային վնասվածքից:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: