«Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին»․ Մարտիրոս Սարյանը բացահայտում է իր նկարիչ դառնալու որոշումը

Սարյանի մասին պատմություններից կարող ենք հասկանալ, թե ինչ մեծ սեր ուներ նկարիչը իր հայրենիքի հանդեպ։ Նա նույնիսկ իր անհոգ կյանքը թողել և վերադարձել էր Հայաստան, միայն թե լիներ իր հայրենիքում։ Ու հենց այդ հայրենիքն էլ մեծ դեր է կատարել նկարչի կյանքում․

«Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։

Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին։ Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…

Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ: Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։ Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը: Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է։ Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել։

Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ։ Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես»։