«Ընկերութիւնը փոխադարձ զիջում է, որ կա՛մ պէտք է սիրով կատարել, կա՛մ արդարութեամբ». Ն. Աղբալյանի խոսքերից, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

Ձեզ ենք ներկայացնւմ հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ, ՀՅԴ կուսակցության անդամ Նիկոլ Աղբալյանի խոսքերից երկուսը

… Մեր անհատապաշտ դարում յաճախ է պատահում, որ մարդիկ ընկերանում են՝ առանց մտածելու, թէ ընկերութիւնը փոխադարձ զիջում է, որ կա՛մ պէտք է սիրով կատարել, կա՛մ արդարութեամբ։ Լաւ է, անշո՛ւշտ, որ սիրով կատարուի, այն ժամանակ հաշիւ չի պահուի, ինչպէս մայրն իր երեխայի հանդէպ, բայց գոնէ արդարութեամբ պէտք է զիջեն կողմերը, որ կարենան հաշտ ընթանալ։ Զուր չէ, որ լուծ են ասել ամուսնութեան մասին, կամովին առած լուծ՝ կեանքի ակօսը վարելու։ Բարդ է նոր մարդու հոգին և շատ զգայուն, սէրն անշուշտ ամենագէտ է և կարող է ամէն սուր անկիւն մաշել մեղմօրէն, բայց սէրն այնքան նոյնացած է հիմա սեռի հետ, որ անտեսւում է և մարդու աչքին երևում է, որ կարող է կորցնել իր թարմութիւնը։ Մարդը սիրելով կին պէտք է առնել և ոչ կին սիրելով մարդ որոնել նրա մէջ։ Երբ մարդը սիրուի կնոջ մէջ՝ նա վախ չունի տարիքից, որին օգնել չեն կարող ոչ հագուստի նոր ձևը և ոչ շպարը…
Երկար ապրելու չէք. ամենաշատը հարիւր տարի. ուրիշ անգամ աշխարհ գալու չէք. ա՛յս է, որ կայ. յետոյ գալու է յաւերժական խաւար և հանգիստ։ Պէտք է խաղաղ ու սիրով անցնել կարճ ճամբան. հաշտ ու համերաշխ։ Եթէ մարդիկ սովորութիւն դարձնեն վշտի, բարկութեան, սրտնեղութեան և սրանց նման պահերին անդրադառնալ, որ առջևները մահ կայ՝ ամէն ինչ կը դիւրանայ և անսահման ներողամտութեամբ կը համակուեն ու թեթև կþապրեն այս աշխարհում։ Ոմանք սարսափում են մահից, իմ աչքում նա մի մեծ բարիք է, որ անհունօրէն բարձրացնում է ամէն մի վայելքի և հաճոյքի արժէքը։ Եթէ մտածենք, որ այսօրը անցնում է և վերադարձ չունի՝ պիտի զղջանք, որ այդ անցնող օրը դառնութիւն բերեց մեր պատճառով սրան կամ նրան, բայց մանաւանդ մեր սիրածին։