Այսօր Վահագն Դավթյանի հիշատակի օրն է․ գիտե՞ք, թե ինչպես է բանաստեղծը անցկացրել իր կյանքի վերջին րոպեները

Հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ ու դրամատուրգ Վահագն Դավթյանը ծնվել է 1922 թվականի օգոստոսի 15-ին Արաբկիրում՝ Թուրքիա, իսկ 1996 թվականի այս օրը՝ փետրվարի 21-ին մահացել է։

Վահագն Դավթյանը մեզ մեծ ժառանգություն է թողել, եղել է մոտ 40 բանաստեղծական ժողովածուի, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածի ու հուշագրությունների հեղինակ։

Բանաստեղծի մասին մեզ հասած պատմությունները շատ են, բայց նրանց մեջ կա մեկը, որը տարբերվում է․ դա նրա մահվան օրն է։ Այս պատմությունը Հովիկ Հովեյանի «ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԲԵՐԴԱՄՐՈՑ» աշխատությունից է․

«Դուռը բացեցի: Ներսում Հրանտ Մաթևոսյանն ու Ռազմիկ Դավոյանն էին: Դավոյանն ինձ տեսնելով, ասաց.

-Ըհը՜, Վահագ ջան, է՛ս էլ Հովիկը, մենք հիմա գնանք, դու Հովիկի հետ մի քիչ զրուցիր, իրիկունն էլի կգանք,- և պառկածին երկար նայելով դուրս եկան:

Մնացի Վահագն Դավթյանի հետ մենակ: Ռադիոլրագրողիս մասնագիտական բնազդով միացրեցի փոքրիկ ձայնագրիչը: Դավթյանի աչքերը փակ էին: Փակ աչքերով զգուշորեն բռնեց
ձեռքս ու դրեց կրծքին: Անակնկալի եկա:

-Պարոն Դավթյան, պրն. Դ…

-Գիտե՞ս ինչ ենք անում,- շրթները կիսաբաց, հազիվ շշնջաց…

-Ոչ…

-Ճանապարհ ենք գնու՜մ…

-Ու՞ր…

-Կապույտ կա՜վ է, դեղին մշու՜շ, ոտքերս կավի մեջ են, սիրտս կավի մեջ է, կա՜վ, կա՜վ… Ճանապարհ ենք գնում, ճանապա՜րհ…

Հետո լռեց երկա՜ր, երկար… Ձայնագրիչի ձայներիզը դեռ պտտվում էր: Ճակատը համբուրեցի և դուրս եկա… Այդ օրը Վահագն Դավթյանն ընդմիշտ փակեց աչքերը»: