«Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը»․ մի՞թե կարելի էր մարդուն ու կյանքը այսքան լավ հասկանալ, ինչպես դա անում էր Հովհաննես Թումանյանը

Իզուր չէ, որ Հովհաննես Թումանյանը համարվում է Ամենայն հայոց բանաստեղծ։ Նա ոչ միայն եղել է լավ բանաստեղծ, այլ նաև շատ լավ կարողացել է հասկանալ մարդուն ու կյանքը։ Նա կարողացել է բառերով արտահայտել այն, ինչ զգացել է ու ոչինչ չի թաքցրել։ Այս խոսքերը այդ ամենի ապացույցն են․

  • Տարիներն անցնում են, ետ ես նայում, որ զուր տեղը կորցրել ես ժամանակդ էլ, եռանդդ էլ, ամբողջ կյանքդ էլ: Եվ ամեն օր սպասում ենք, որ պիտի փոխվի: Ասում է՝ գնացին տեսան Մոլլան մի վարար ջրի ափին նստած սպասում է: Ասին՝ ընչի ես սպասում: – Թե՝ սպասում եմ գետն անց կենա, որ հետո ես անց կենամ: Ճիշտ էսպես. մենք էլ սպասում ենք՝ էս ժամանակն անց կենա, որ մեր ուզած կյանքով ապրենք… ու շարունակ սպասում ենք։
  • Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը: Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում, ազնվացնում են…Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար մեծ մասմաբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ…
  • Չգիտենք ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք, տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները:
  • Պատմությունը նրա համար է, որ մենք բան սովորենք: Վերջապես լուսավորությունն, արվեստներն ու գիտություններն էլ նրա համար են, որ մենք ավելի մարդասեր դառնանք, ավելի լայն նայենք մարդկանց ու աշխարհքին:
  • Ավա՜ղ, կարծես թե իզուր են ապրում ու անցնում մեծ փիլիսոփաները, մեծ գիտնականներն ու մեծ բանաստեղծները, ազգերի համար մեծ մասամբ նրանք հանդիսանում են լոկ որպես շքեղ զարդարանքներ:
  • Աշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար, մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար: Եվ, ավա՜ղ, ամենից քիչ հենց սրանք են աշխարհում:”
  • Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով և չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական- զուտ ազգային օրենք…