Հենց այս բերդ-ամրոցում է Բարսեղ գրիչի ձեռքով գրվել «Սաղմոսարանը». գիտե՞ք՝ ինչ բերդի մասին է խոսքը

Խոսքը ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ-ամրոցի մասին է, որը գտնվում է Խոսրով գետի աջ ափին՝ Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին։ Ժողովուրդը բերդն անվանում է նաև Գևորգ Մարզպետունի ամրոց:

Գևորգ Մարզպետունու ամրոց26.JPG
Գևորգ Մարզպետունու ամրոց19.JPG

Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք։ Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող բուրգերով։

Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։ Պարսպի ներսում է գտնվում նաև XIII դ. եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով։

Եկեղեցու հյուսիսային պատին՝ 1256 թվականին փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։ Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով XII-XIII դդ. մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ XV-XVI դդ. Թաթևոսի տապանաքարն է։ Ամրոցի տարածքում նույնպես կան մի քանի խաչքարերի բեկորներ։

Իսկ Տափի վանք-մատուռը որպես գրչօջախ հիշատակվում է 1496 թվականից, որտեղ Բարսեղ գրիչի ձեռքով գրվել է «Սաղմոսարանը»։

Գևորգ Մարզպետունու ամրոց7.JPG

Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թվականներին: