Գիտե՞ք, թե ինչ օր է այսօր․ հայերս նույնպես նշում ենք այս տոնը

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ 2000 թվականից սկսած՝ այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր։

2005 թվականից այս տոնը նաև նշվում է Հայաստանում։

Տոնի հիմքում դաժան ու տխուր պատմություն կա, բայց այդ դեպերի արդյունքում հաղթանակ կա։

1947 թվականին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թվականին Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։

Կառավարության որոշումը բնակչության մեծ մասը դժգոհությամբ է ընդունում ու բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։ Իսկ 1952 թվականին Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ զոհվում է։ Այս ողբերգական դեպքերի հետևանքով արդեն բողոքի զանգվածային ցույցեր են սկսվում։ Հակամարտության ընթացքում 1956 թվականին բենգալերենը, ի վերջո, պետական լեզվի կարգավիճակ է ստանում։

Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թվականին առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։
Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում զոհված ուսանողների հիշատակին հուշարձան է կանգնեցված։

Այս իրադարձությունների հիշատակին 1999 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակում։