Հայերի բացառիկ հաղթանակը Ստամբուլում. ինչպե՞ս Ադրբեջանն ու Թուրքիան մնացին առանց ոչնչի հենց Թուրքիայի սրտում

ԵԱՀԿ ջանքերով 1999 թ. նոյեմբերի 17-19-ին կայացավ 20-րդ դարում այդ կառույցի վերջին` Ստամբուլի գագաթաժողովը: Հայաստանը դեռևս Լիսաբոնի գագաթաժողովում «փակագծեց» Ստամբուլում հաջորդ գագաթաժողովն անցկացնելու Թուրքիայի առաջարկը՝ արտահայտելով իր վերապահումները տվյալ հարցի առնչությամբ, իսկ 1998 թվականին Հայաստանն արդեն պաշտոնապես դեմ արտահայտվեց գագաթաժողովը Ստամբուլում անցկացնելու գաղափարին: Այդ կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը հատուկ ուղերձ հղեց ԵԱՀԿ անդամ-պետությունների արտգործնախարարներին:

Ստամբուլի գագաթաժողովի կարևորագույն փաստաթուղթը դարձավ Եվրոպական անտանգության խարտիան, որը կոչված էր որոշելու 21-րդ դարի հրամայականների պայմաններում ԵԱՀԿ գործունեության հիմնա-կան ուղղությունները: Խարտիան պարունակում էր մի շարք դրույթների մեկնաբանություններ, որոնցից էին ընդհանուր մարտահրավերները, ընդհանուր ելակետային հիմ-քերը, ընդհանուր պատասխանը և ԵԱՀԿ գործիքները, իսկ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը համարվեց Եվրոպական անվտանգության անկյունաքարը:

Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում ավելի հստակ անդրադարձ կա հետխորհրդային տարածքում երկրների միջև տարածքային վեճերին և հակամարտություններին։ Դրանցով ԵԱՀԿ-ն իր դիրքորոշումն է հայտնում Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության (Սերբիա և Չեռնոգորիա) (4-րդ կետ), Բոսնիա և Հերցեգովինայի (6-րդ կետ), Վրաստանի (15-րդ կետ), Մոլդովայի (18-րդ կետ) և Ռուսաստանի Դաշնության (23-րդ կետ) տարածքներում կոնֆլիկտների մասին և մատնանշում դրանց հանգուցալուծուման գործընթացում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները։

Օրինակ՝ ԵԱՀԿ-ն ընգծում է Հարավային Օսիայի և Աբխազիայի ու Վրաստանի միջև հակամարտության կարգավորումը հենց վերջինիս կազմում։

Հռչակագրի 20-րդ կետով անդրադարձ է կատարվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, որտեղ, սակայն, որևէ խոսք չկա տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ Սա, ինչպես հասկանում եք բացառիկ երևույթ է այդ փաստաթղթի համար, և այն կարելի է համարել ՀՀ դիվանագիտության ամենալուսավոր էջերից մեկը:

«Մենք ստացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված զարգացող իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ, և դրական ենք գնահատում նրանց ջանքերը։ Մեզ հատկապես ուրախացնում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ակտիվացված երկխոսությունը, որոնց պարբերական հանդիպումները պայմաններ են ստեղծել այս խնդրի տևական և համապարփակ լուծման որոնմանը թափ հաղորդելու համար։ Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը և կոչ ենք անում շարունակել այն՝ հուսալով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները կվերսկսվեն։ Միևնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք, որ ԵԱՀԿ-ն և նրա Մինսկի խումբը, որը մնում է կարգավորման ձգտման ամենահարմար ձևաչափը, պատրաստ են աջակցել խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացմանը և դրա հետագա իրականացմանը, այդ թվում՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ օգնությունը կողմերին»,- գրված է հռչակագրի հոդվածում։

Այսպիսով կարելի է արձանագրել, որ Ստամբուլյան փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող պարբերությունում, ի տարբերություն հետխորհդային տարածքում այլ կոնֆլիկտների, չի մատնաշվում տարածքային ամբողջականության սկզբունքը, և դա ՀՀ դիվանագիտության բացառիկ ձեռքբերումն է հենց թշնամի երկրի սրտում՝ Ստամբուլում։