«Երբ Հայկ են ասում, առաջինն իր ժպիտն եմ հիշում»․ հերոս Հայկ Եղիազարյանը զոհվեց ԱԹՍ-ի պայթյունից, բեկորը դիպչել էր նրա սրտին

Մեր հերոսների շարքում իր ուրույն տեղն ունի Հայկ Արթիկի Եղիազարյանը։ Նա  ծնվել է 2000թ-ի հուլիսի 13-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 2018թ-ին, ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։

Բանակ զորակոչվել է 2019թ-ի հունվարի 15-ին։ «Երբ Հայկ են ասում, առաջինն իր ժպիտն եմ հիշում։ Լիքը սեր ու ջերմություն էր տալիս, իսկ հիմա՝ միայն կարոտ»,-պատմում է Հայկի քույրը։

Սերժանտի կոչում է ստացել։ Ծառայության մեկ տարին լրանալու օրը քրոջը գրել է ՝ մի տարի մնաց, կգամ ու ազատ կսավառնեմ, ինչպես վանդակում գտնվող աղունիկը։ «Հայկիս զոհվելուց հետո մի աղունիկ եկավ պատուհանին նստեց ու մինչև հիմա մեզ հետ է ապրում»,- հիշում է Լիլիթը։

«Առաջին անգամ, երբ Հադրութում տեսա Հայկին, առաջին հայացքից նա ինձ դուր եկավ որպես մարդ։ Շատ արագ ու հեշտ հարմարվեց վաշտի զինվորների հետ։ Հայկը կատակասեր էր, միշտ ուրախ ու պոզիտիվ։ Նրա հետ անհնար էր հոգնել»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Փայլակ Պողոսյանը։

Հայկը տանկի հրամանատար էր, իրեն վստահված տեխնիկան միշտ գտնվում էր մաքուր և սարքին վիճակում։ Նա փորձում էր վաշտում ընկերական մթնոլորտ ստեղծել։

Ընտանիքի անդամները Հայկի հետ վերջին անգամ հոկտեմբերի 1-ին են խոսել՝ երեկոյան։ Ասել է, որ հոգնած է ու գնում է քնելու։ Հաջորդ 2 օրերին սպասել են զանգին, փորձել են ինչ-որ ինֆորմացիա իմանալու, բայց միայն հոկտեմբերի 4-ի առավոտյան են իմացել, որ իրենց որդին զոհվել է հոկտեմբերի 2-ին։ Ընկերներից մեկը պատմել է, որ առավոտյան տանկը քողարկելուց անօդաչու սարքի պայթյունից բեկորը դիպչել է նրա սրտին։