ՀԱՅՈՑ թագուհի, ով թագադրվեց ընդամենը 4 տարեկան հասակում և կառուցեց աշխարհում 1-ին բարեգործական հիվանդանոցը. գիտե՞ս, թե որ ՀԱՅ արքայի դուստրն է նա

Մեր պատմության մեջ շատ են եղել թագուհիներ, ովքեր եղել են հայտնի իշխանական ընտանիքների իշխանադուստրեր և, ամուսնանալով հայոց արքայազների հետ՝ դարձել են թագուհի, բայց այն, որ հորից հետո դուստրը ժառանգեր գահը կամ մինչև հոր մահը, կտակի համաձայն՝ դառնար տոհմական թագուհի, բացառիկ դեպքերից մեկն է եղել հայոց պատմության մեջ:

Նման թագուհիներից է Զաբելը: Նա ծնվել է 1215 թվականին Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում, ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը: Ըստ Լևոն 2-րդի և Անտիոքի դուքս Բուհեմունդի դաշինքի՝ Ակիսից և Ռայմոնդից ծնված որդին՝ Ռուբեն Ռայմոնդը, պետք է ժառանգեր Անտիոքի և Կիլիկիայի գահը, սակայն Լևոն 2-րդը, բարեբախտաբար, զրկում է գահից և գահը կտակում իր մանկահասակ դստերը՝ 4 ամյա արքայադուստր Զաբելին: Փոքրիկ թագուհու խնամակալ է դառնում Կոստանդին գունդստաբլը, ով Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար, նա էր կառավարում երկիրը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր:

1219 թվականի մայիսի 2-ին Զաբելը թագադրվում է որպես Կիլիկիայի Հայոց թագուհի: Կոստանդին գունդստաբլը 1222թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացնում է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, սակայն Ֆիլիպը թագուհու համար ճիշտ ուղեկից չէր, քանի որ հայասեր չէր, արքունիքը լցրել էր խաչակիր ասպետներով: Նա 1225թ.-ին սպանվում է մարտում: Այս անգամ Կոստանդին Գունդստաբլն իրագործում է իր վաղեմի ծրագիրը և 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում է իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ: Դա թագուհու չորրորդ ամուսնությունն էր, որը վերջապես հաջող եղավ:

Հեթում Ա-ի երկարատև գահակալությունը վայրիվերումներով լի էր Կիլիկիայի հայկական թագավորության համար: Հեթումն ավելի ամրապնդեց հայոց պետության դիրքերը, թագավորական կենտրոնաձիգ իշխանությունը: Սակայն շուտով վրա հասավ պատուհասը` մոնղոլական արշավանքները: Միայն հմուտ և ճկուն դիվանագիտության շնորհիվ Հեթում Ա կարողացավ Կիլիկիան զերծ պահել մոնղոլական արշավանքներից: Այս ամբողջ ժամանակահատվածում Հեթում Ա-ի հավատարիմ զինակիցն ու կողակիցը` Զապել թագուհին, զբաղված էր երկրի ներքին բարեկարգման խնդիրներով և բարեգործություններով: Այն, որ հայոց թագուհին նաև հասարակական ակտիվ կյանքով էր ապրում, վկայում է հայ իրականության մեջ այն եզակի հանգամանքը, որ Հեթում Ա-ի դրամներում պատկերված էր նաև հայոց թագուհին:

zapel taguhi

1237 թ. Զապել թագուհին վերանորոգեց Անդուլ մենաստանը և այն արքայական ընտանիքի համար ամառանոց դարձրեց: Զապելը, պատմիչների հավաստմամբ, առաքինաջան և ողջախոհ թագուհի էր: Նա 1241 թ. մայրաքաղաք Սիսում կառուցեց բարեգործական հիվանդանոց: Սա աշխարհում առաջին նման հաստատությունն էր, որտեղ դեղորայքն ու բուժումն ամբողջովին անվճար էին: Հիվանդանոցում աշխատում և իր ձեռքով հիվանդներին խնամում էր անձամբ հայոց թագուհին: Այս հիվանդանոցը գործեց մինչև Կիլիկիայի հայկական թագավորության անկումը` 1375 թ.:

Զապել թագուհին աչքի էր ընկնում ոչ միայն հասարակական ակտիվ աշխատանքներով: Նա նաև բազմազավակ մայր էր: Ամուսնուն` Հեթում արքային, Զապելը պարգևել է ութ զավակ` երեք որդի և հինգ դուստր: Որդիներից կրտսերն էլ հաջորդեց հորը հայոց գահին` Լևոն Գ (1270-1289):

Զապել թագուհին մահացավ վաղ տարիքում` 1252 թ. հունվարի 22-ին, մայրաքաղաք Սիսում: Նրա մահը սգում էր ողջ հայոց աշխարհը: Թաղման թափորը Կոստանդին կաթողիկոսի առաջնորդությամբ Սսի արքայական պալատից շարժվեց դեպի Դրազարկի վանք, ուր ամփոփվեց թագուհու աճյունը: Սերունդների հիշողության մեջ Զապել թագուհին մնաց որպես ողջախոհ, իմաստուն, իր երկրին և ամուսնուն նվիրված անձնավորություն: Նա հայ կնոջ և ողջախոհության խորհրդանիշ էր:

Ի դեպ, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան շրջանների առաջնորդարանը Զապել թագուհու անվան մեդալ է սահմանել, որը տրվում է համայնքի կյանքում գործունեությամբ ու բարեգործությամբ աչքի ընկած հայ կանանց: