«Հրադադարից հետո թշնամին հանկարծակի հարձակվեց, Արմենն էլ դիրքի 9 տղաների հետ մարտնչեցին մինչև վերջին փամփուշտը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արմենին

Արմեն Գարեգինի Մարտիրոսյանը ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում: Տեղի դպրոցում սովորելուց հետո ուսումը շարունակել է Տիգրան Մեծի անվան ռազմական վարժարանում, որն ավարտելուց հետո 2004 թվականին զորակոչվել է Հայոց բանակ, ծառայել է Ասկերանի շրջանում՝ Խոջալույում:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ծանուցում եկավ: Արմենը մեկնեց առաջնագիծ: Մասնակցել է թեժ մարտերի գործողություններին, հոկտեմբերի 3-ից Ջրականում մասնակցել է թեժ մարտերին մինչև հոկտեմբերի 12-ը, որից հետո վերադարձել է տուն մազապուրծ եղած, սակայն նոյեմբերի 25-ին զորահավաքային զորակոչով կրկին մեկնել հայրենիքի սահմանները պաշտպանելու, բայց պարզվեց, որ այն սահմաները որտեղ իրենց ջոկատն էր տեղակայված գտնվում էր ադրբեջանի վերահսկողության տակ:

Արմենը նոյեմբերի 26-ին մարտական հերթապահություն է իրականացրել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղի մարտական դիրքում: Հակառակորդը, օգտվելով եղանակային վատ պայմաններից և ծածուկ մոտենալով մարտական դիրքին, հանկարծակի հարձակում է իրականացրել:

Հակառակորդի գերակշռող ուժերի հարձակման արդյունքում մարտական դիրքի անձնակազմը հայտնվել է շրջափակման մեջ, ծավալվել է թեժ մարտ: Արմենը դիրքի 9 տղաների հետ միասին թեժ մարտ է վարել՝ պատճառելով հակառակորդին մեծ կորուստներ: Ոչ մի րոպե չթողնելով դիրքը՝ 9-ը հերոսներով արիաբար մարտնչել են մինչև վերջին փամփուշտը և կյանքի գնով պաշտպանել իրենց վստահված դիրքը:

Արմեն Մարտիրոսյանը զոհվել է դեկտեմբերի 12-ին: Հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…