«Իրենց դիրքը ռմբակոծում էին, ռմբակոծության տակ ինքը սեփական մարմնով ծածկել ու ձեռքերով հանգցնում էր ընկերոջ այրվող մարմինը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Էդմոնին

Էդմոն Թելմանի Գևորգյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո՝ 2020 թվականի հունվարի 22-ին զորակոչվել է Հայոց բանակ։

Մի քանի ամիս ծառայել է Արմավիրի ուսումնական կենտրոնում, ստացել ՀՄՄ-ի նշանառու-օպերատորի մասնագիտացում, ապա ծառայությունը շարունակել Որոտանում (Կուբաթլու)։ Արժանացել է բազմաթիվ խրախուսանքների և շնորհակալագրերի, այդ թվում՝ լավագույն մարտիկի կոչման։

44-օրյա պատերազմի առաջին օրը մեկնել է առաջնագիծ, թեժ մարտեր մղել Ջրականում (Ջաբրայիլ) և Կուբաթլուում։ 25 օր անընդմեջ մասնակցել է թշնամու դեմ մղվող համառ մարտերին։

Հոկտեմբերի 22-ի լուսաբացին մի քանի տասնյակ անգամ գերազանցող թշնամին սկսում է ռմբակոծել մարտական հենակետերը, սակայն տղաները չեն ընկրկում ու չեն լքում իրենց դիրքերը։ Ռմբակոծության հետևանքով ընկերներից մի քանիսը վիրավորվում են, իսկ մեկն այրվում է։

Սեփական մարմնով ծածկելով ընկերոջը՝ Էդմոնը փորձում է ձեռքերով հանգցնել ընկերոջ մարմնի կրակը, ապա տեղափոխում է ապահով վայր։ Դրանից հետո վերադառնալով դիրքեր՝ օգնության է հասնում մյուս ընկերներին, որտեղ էլ հաջորդ ռմբակոծության հետևանքով մյուս 3 ընկերների հետ հոկտեմբերի 22-ին զոհվում է…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…