«Ամիսներով չէինք գտնում, մինչև վերջին պահը հավատացել ենք, որ կարող է գերեվարված լինել». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Էդմոնին

Էդմոն Արտակի Մնացականյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 10-ին Աբովյանում: Փոքր տարիքից զբաղվել է սպորտով, երկար տարիներ հաճախել է ֆուտբոլի, կարատեի և լողի: Սովորել է տեղի թիվ 10 միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել թիվ 4 ավագ դպրոցում:

2019 թվականին ընդունվել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան, սակայն ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվել է Հայոց բանակ: Ծառայել է Հոկտեմբերյանում, իսկ հետո Կուբաթլույում: Կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման մեջ առաջատար և կարգապահ մարտիկ, մարտական պատրաստության ժամանակ ցուցաբերել է բարձր առաջադիմություն:

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից թեժ մարտեր է մղել ոսոխի դեմ, եղել է ամենաթեժ կետերում: Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից հոկտեմբերի 2-ին Ջրականի մարտերի ժամանակ զինակից ընկերներին օգնության հասնելիս:

Հարազատների հետ վերջին անգամ հերոսը խոսել էր հենց զոհվելու օրը՝ հոկտեմբերի 2-ին, ասել է, որ իր հետ ամեն ինչ լավ է: Տղայի անուն-ազգանունը հոկտեմբերի 6-ին հրապարակված է եղել զոհվածների ցուցակում, բայց ամիսներ շարունակ Մնացականյանների ընտանիքին չի փոխանցվել տղայի մարմինը: Միայն 6 ամիս անց՝ ապրիլի 5-ին, հաջողվեց գտնել Էդմոն Մնացականյանի մարմինը:

Հերոսի քույրը եղբոր մասին պատմում է. «Էդմոնը անսահման ընկերասեր էր, բոլորին օգնող, բարեսիրտ, համեստ, սրտաբաց: Չէր ուզում ծնողներիս նեղություն տալ, հանկարծ ավել գումար էինք ուղարկում, ասում էր՝ ինչի՞ էք էդքան շատ ուղարկել: Շատ երազանքներ ուներ… ուզում էր իր սեփական ջերմոցն ունենալ, լոլիկ աճեցնել, սունկ, նույնիսկ սերմեր էր գնել ու տարբեր բաներ էր աճեցնում: Մինչև հիմա իր գնած սերմերը իր դարակում դրված են, ու էդպես էլ ամեն ինչ կիսատ մնաց»:

Քույրը պատմում է՝ մինչև վերջին պահը հավատացել են, որ Էդմոնը կարող է գերեվարված լինել, որովհետև ականատեսների հայտնած տեղեկությունները հակասում էին մեկը մյուսին:

Քույրն ասում է՝ իրենց հերոսի կոչում պետք չէր, դա ոչ մխիթարում է, ոչ էլ կորստի ցավն է մեղմում…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…