«Չորս կողմից կրակում էին, փամփուշտը ձեռքիս տակով անցավ, բուժակը գոռաց` սա՞ղ ես, խորը շունչ քաշեցի, սաղ եմ». պատերազմ հաղթահարած ՀԵՐՈՍ Գարիկը պատմում է այդ օրերի մասին

Գարիկ Ավետիսյանը բուժկետի վարորդ է եղել: Պատերազմը սկսվելուն պես գործի է անցել:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան նրան արթնացրել են և ասել, որ կռիվ է սկսվել։ Գարիկի` բուժկետից դուրս գալն ու նրանց գնդին հարվածելը մեկ է եղել. որպես բուժկետի վարորդ` Գարիկը շտապել է վիրավորներին հոսպիտալ հասցնել, սակայն մտքով անգամ չի անցել, որ նման ահասարուռ տեսարանի կհանդիպի. ԱԹՍ-ի ռմբակոծման հետևանքով վիրավորում ստացած 5 տղաներից 4-ի ոտքերը կտրվել էին։

«Առաջինն ինձ հետ ծառայած ընկերոջս` Արարատ Թորոսյանին նկատեցի և տեսա` ոտքերը չկան։ Շատ ազդվեցի, իրար էի խառնվել... Որոշ ժամանակ անց ինձ հավաքեցի, գրկեցի ընկերոջս ու պատգարակի օգնությամբ մեքենա տեղափոխեցինք։ Մինչև հոսպիտալ կհասնեինք, ես ու բուժակը նրա ոտքերը վիրակապեցինք, ցավազրկեցինք։ Արարատը հանկարծ ինձ ասաց` «Մորս կասեք, որ շատ եմ սիրում իրեն»։ Հունից դուրս եկա ու ասացի` հենց դու էլ ասելու ես այդ խոսքերը, և շատ արագ հոսպիտալ տարա նրան» (ի դեպ, Արարատն այժմ տանն է, իր ընտանիքի կողքին)։

Պատերազմի ամենաթեժ օրերին, երբ չորս կողմը վիրավորներ էին, իսկ ժամկետային զինծառայող Գարիկ Ավետիսյանի գործը նրանց հոսպիտալ հասցնելն էր, հրաշք է տեղի ունեցել. նոյեմբերի 3-ին, երբ բուժկետի վարորդ Գարիկը փորձում էր փրկել գումարտակի շտաբի պետ մայոր Գևորգ Գասպարյանի կյանքը, որի գլխին դիպուկահարի 2 գնդակ էր կպել, կրակեցին նաև Գարիկի վրա, բայց նա ողջ մնաց։

«Մտքիս դրել էի ամեն գնով շտաբի պետին հոսպիտալ հասցնել, սակայն թշնամին արդեն Մարտունի էր մտել։ Չորս կողմից կրակում էին, շրջանցել չկարողացա և որոշեցի ուղիղ դեպքի վայր քշել։ Հետո մայորին գրկեցի, որ դուրս հանեմ, ուժս չհերիքեց և ընկա, հենց այդ պահին կրակեցին ինձ վրա։ Փամփուշտը պահեստատուփին կպավ, որը զրահաբաճկոնիս էր փակցված, ու ձեռքիս տակով անցավ։ Աչքերս թոզ լցվեց, բուժակը գոռաց` «լա՞վ ես, սա՞ղ ես»։ Խորը շունչ քաշեցի, տեսա, որ շունչս գնում է, սաղ եմ»,–պատմում է Գարիկը։
«Մտածում էի` ավելի լավ է` մեռնեմ, քան տեսնեմ, որ այդքան մարդ չի կարողանում փրկվել։ Լինում էին դեպքեր, որ երբ հասնում էինք վիրավորների մոտ, մի քանի տեղից գոռում էին «սկոռի՜»,  չգիտեի` ում մոտենամ։ Ինձ համար կարևոր էր վիրավորներին հոսպիտալ հասցնել, ինչպես մայոր Գասպարյանի դեպքում արեցի»,–հիշում է Գարիկը և հավելում` մայորը 3 օր կոմայի մեջ մնալուց հետո, ցավոք, մահացել է...

Գարիկը հիշում է` երբ ծանր վնասվածքով զինվորի էր տեղափոխելիս լինում, ողջ ճանապարհին խոսում էր նրա հետ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Վիրավորներին ասում էր նաև` իբրև թե տեսել է` ինչքան հերոսաբար էին կռվում և ֆիքսել, որ պատահաբար են վիրավորվել։ Այս մասին պատմելիս Գարիկը ժպտում է` եղել են դեպքեր, երբ վիրավորն այնքան է ոգևորվել, որ հոսպիտալ չհասած` խնդրել է իրեն հետ տանել։

Գարիկն ասում է, որ վիրավորներին օգնության հասնելու պահին չէր գիտակցում` ինչ պատասխանատվություն կա իր վրա։ Երբեք չի մտածել, որ կզոհվի, և ինչքան էլ համեստաբար թաքցնում է, սակայն պարզից էլ պարզ է` շատ դեպքերում է իր կյանքը վտանգել մյուսներին փրկելու համար։

«Երբեք չեմ մտածել` այ, ընկերուհի ունեմ, ավելի լավ է` այսինչ տեղը ես չգնամ։ Ո՛չ, հակառակի մասին եմ մտածել` եթե ես ընկերուհի ունեմ, ապա մյուսներն ընտանիք, երեխա ունեն։ Չի եղել դեպք, որ չկարողանամ օգնել վիրավորին. երբ որևէ մեկին հասցնում էի հոսպիտալ, գրանցում էի նրա տվյալները և հետո զանգում, վիճակը ճշտում»,–ասաց Գարիկը։

Նրա շնորհիվ փրկված զինծառայողներից մեկը` Քաջիկը, գտել էր Գարիկին և շնորհակալություն հայտնել։ Քաջիկն ասել է` նրա շնորհիվ է այժմ կարողանում գրկել իր փոքրիկին, որը պատերազմից հետո է ծնվել։ Ասում է` նման լավ զգացողություն չէր ապրել դեռ։ Գարիկը հիշում է` Քաջիկը ոտքի ու ձեռքի շրջանում բեկորային վնասվածքներ էր ստացել, կրակոցների տակ է նրան շտապօգնության մեքենային հասցրել։

«ԱԹՍ–ն հարվածում էր, ես էլ Քաջիկին էի փորձում հանել։ ԱԹՍ–ի հարվածը մի պահ մեր մեքենան էլ շպրտեց, բայց բախտներս բերեց` մեքենան չվնասվեց։ Երբ կրակում էին, Քաջիկին գրկում, գետնին էինք արագ պառկում. ցավից գոռում էր, բայց ես բացատրում էի, որ պետք է դիմանա, ավելի լավ է` հիմա ցավի, քան երկուսով մեռնենք»,–ասում է Գարիկը։

Հիմա կիսատ թողած կրթությունն է շարունակում Ագրարային համալսարանի ագրոբիզնեսի բաժնում, նաև «դզել–փչել» սովորում։

«Ուզում եմ մեքենաների գծով հմտանամ, ընտանիք կազմեմ ու ապրեմ Արցախում։ Ինձ միայն Արցախում եմ պատկերացնում։ Ես հրաշքների հավատում եմ և մտածում եմ` հետ ենք բերելու մեր տարածքները»,–ասում է Գարիկը։

Նրա խոսքով` երբ առաջին անգամ տեսել է Շուշիի վրա գրված «Շուշա», այդ ժամանակ է միայն խորությամբ հասկացել` ինչ է կատարվում, ինչ ենք կորցրել…

Նյութը Կարինե Հարությունյանի հոդվածից

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…