«Չէի սպասում նման բան. մենք գիտեինք, որ ինքը գալու է»․ հերոս Հենրիկ Հովհաննիսյանի պատմությունը

Մեր քաջերի ու նահատակների շարքում իր տեղը գրավեց Հենրիկ Հովհաննիսյանը, ով ծնվել է 1998թ. մարտի 5-ին Արտենի գյուղում։ Ծառայության է անցել 2019թ. հունվարին Հադրութում, եղել է կապավոր։ Մահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում։

Հենրիկը նվիրված էր, ընկերասեր, սիրում էր կատակներ անել ու բարձրացնել բոլորի տրամադրությունը։ Նա ծնողասեր էր, մեծերի հանդեպ հարգանքով։ Այն մարդիկ, ովքեր ճանաչում էին նրան, միայն հիացմունքով են հիշում հերոսի մասին։

«Այնքան հիշողություններ կան իր հետ կապված։ Պատերազմի օրերին երբ զանգում էր, մենակ ասում էր` լավ ա, մենք լավ ենք, դուք չմտածեք։  Ամեն հարցով օգնում էր բոլորին, կապ չուներ` ով էր»,- պատմում է ընկերը՝ Ավետիսը։

«Չէի սպասում նման բան. մենք գիտեինք, որ ինքը գալու է: Չէր լինում մտածել կամ պատկերացնել, որ կարող է և չգա։ Դեռ սպասում ենք մեր հերոսին, չենք համակերպվում իրականության հետ»,-հերոսի մասին պատմել է եղբայրը՝ Արմենը։ Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին։ Նրանք դարձան հավերժի ճամփորդներ ու հիմա վերևից են հսկում բոլորիս։