«Մի շաբաթ հիվանդանոցներում իրեն էինք փնտրում, էն էլ պարզվեց վիրավոր շարունակել է կռվել մինչև վերջ». Իլյա Հակոբյանի քույրը ՀԵՐՈՍ եղբոր մասին

Իլյա Հակոբյանը 44-օրյա պատերազմի հերոսներից է: Ծնունդով Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից մեր Հերոսը ընդամենը 18 տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը։ Քույրը նրան այսպես է բնութագրում. «Իլյան բարության անկրկնելի կերպար էր, թեպետ փոքր էր 15 տարով, սակայն իմ թև ու թիկունքն էր։ Մինչ օրս սպասում եմ նրա զանգին, հավերժական կարոտով սպասում եմ…»:

2017-2018 թվականներին Իլյան սովորել է Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Մեկ ամսում ճանաչվել է ամենալավ զինվոր-մարզիկ։ Սպորտի սիրահար էր: Երազում էր համալսարանն ավարտելուց հետո գյուղում վոլեյբոլի դպրոց հիմնել և մարզել երեխաներին:

Պատերազմի ընթացքում Իլյան ամենաթեժ կետերում է եղել։ Թեպետ Հադրութում է ծառայել, բայց մասնակցել է Մարտունու և Շուշիի մարտերին։ Պատերազմի 1-ին օրերին վաշտի կեսը զոհվել է, վիրավոր և զոհված ընկերներին ինքը և իր ընկերներն են հանել մարտադաշտից։ Աստված քառասունհինգ օր իր ամենազոր աջի տակ պինդ պահել է Իլյային, իսկ վերջին օրն էլ հերոսը անմահացել է։

Վերջին անգամ Իլյան Շուշիում էր։ Քույրը պատմում է, որ նոյեմբերի 6-ի երեկոյան զանգել ու խոսել է, առաջին անգամ պատերազմի ընթացքում նաև հոր հետ է խոսել՝ կարծես բոլորիս հրաժեշտ է տվել, ասում է քույրը։

-Նոյեմբերի 7-ից նրա հետ չկարողացանք կապվել։ Ընկերների խոսքով՝ Իլյան վիրավորվել էր… մեկ շաբաթ բոլոր հիվանդանոցներում փնտրել ենք, այնինչ իմ հերոսը վիրավոր կռվել է իր 30 մարտական և ծառայակից ընկերների հետ, կռվել է մինչև վերջ և անմահացել՝ նռնակը գրպանի մեջ բացած,— ասում է Հասմիկը՝ հերոսի քույրը։

-18 գարուն ապրեց Իլյան, ու բոլորիս սրտում ամենամեծ ցավն այն է, որ Շուշին էլ մերը չէ, ուր արյուն են թափել հերոս տղաները, այդ թվում նաև ինքը` Իլյան։ Ես հերոսի քույր եմ, բայց ցավով եմ ապրում, քանզի իմ հերոսի պես արժանապատիվ ապրելու իրավունք չունեն, քանի որ Շուշիում՝ իմ հերոսի արյամբ սրբագործված քաղաքում ես չեմ ունենա մոմ վառելու շանս…

Հերոսի տունն էլ է եղել թշնամու հրետակոծության թիրախ ու ավերվել է, սակայն քույրը վստահ ասում է, որ պիտի վերակառուցեն տունը՝ Իլյայի տունը, քանի որ այդտեղ հերոս եղբայրն է ծնվել և մեծացել…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…