«Մարտի դաշտում բոլորի մասին մտածում էր, ասում էր տղերք հանկարծ չքնեք, տղերք հլը պարկեք էլի տղավարի». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Մեխակին

Մեխակ Արեստի Սադոյանը ծնվել է 2000 թվականի հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: Սովորել է տեղի Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց: Դեռ վաղ տարիքից էր որոշել. «Մեծանամ ոստիկան պետք է դառնամ, որովհետև ուզում եմ ճիշտը պաշտպանել»:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Մարտունու Եվրոպական համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում: Ուսումը կիսատ թողնելով՝ 2019 թվականի հուլիսի 11-ին Մեխակը զորակոչվում է Հայոց բանակ:

6 ամիս ծառայում է Հոկտեմբերյանի Մարշալ Բաղրամյանի անվան զորամասում, ապա որպես կրտսեր սերժանտ ծառայությունը շարունակում է Գորիսի Խնձորեսկ զորամասում: Եղել է վաշտի հրամանատարի տեղակալ և տանկի հրամանատար:

44-օրյա պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Մեխակը տեղափոխվում է Մեխակավան (Ջրական) և մասնակցում թեժ մարտերին, բայց սեպտեմբերի 30-ին մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար անմահանում է…

Մարտի դաշտում Մխոն շատ անհանգիստ էր, հանկարծ ոչ մեկին բան չպատահի և անընդհատ գոռում էր՝ «Տղերք հանկարծ չքնեք», «Ապե հլը պարկեք էլի տղավարի», «Մագազինները խփեք վրես»:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…