«Մոտ 150 կմ քայլելով՝ իր 70 հոգանոց խմբին դուրս է բերել շրջափակումից` իրենց հետ տանելով վիրավոր զինվորներին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Ռոբերտին

Ռոբերտ Հասրաթյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 20-ին Արարատի մարզի Այգեստան գյուղում։ Երկու տարի սովորել է Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանում, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ 2013 թվականին լեյտենանտի կոչումով ծառայության է անցել «Եղնիկներ»-ում որպես դասակի հրամանատար, իսկ ամիսներ անց արդեն վաշտի հրամանատար։

Մասնակցել է Քառօրյա պատերազմին։ 2016 թվականին նույն զորամասում նշանակվել է որպես գումարտակի սպառազինության գծով տեղակալ՝ ավագ լեյտենանտ կոչումով։ 2017 թվականին ստացել է կապիտանի, իսկ հետագայում արդեն մայորի կոչում։

Արժանացել է բազմաթիվ շքանշանների, պատվոգրերի, խրախուսանքների՝ «Վազգեն Սարգսյան» մեդալ, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ, «Մարտական ծառայության» մեդալ և այլն։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից Ռոբերտը եղել է առաջնագծի տարբեր թեժ կետերում՝ Հաթերք, «Եղնիկներ», և ապա իր վերջին մարտական ուղին անցել Հադրութում։ Իր զորքի հետ արիաբար մարտնչել է թշնամու դեմ, 2 անգամ ընկել շրջափակման մեջ և մոտ 150 կմ քայլելով՝ 70 հոգանոց խմբին դուրս բերել շրջափակումից` իրենց հետ տանելով վիրավոր զինվորներին։

Արցախի հերոս Կարեն Ջալավյանի («Քյոխ») սիրելի սպան էր։ «Նա՛ռ («ամուր», «պինդ» իմաստով)»,- այդպես էր դիմում Կարեն Ջալավյանը Ռոբերտին,- «քեզ նման սպային չեմ թողնի գնալ «Եղնիկներ»-ից»։ Այդ իսկ պատճառով բազմիցս մերժել է Ռոբերտի տեղափոխման դիմումը, ով փորձում էր հնարավորինս մոտ լինել նաև նորակազմ ընտանիքին ու անդրանիկ զավակին։

Պատերազմի առաջին օրվանից Ռոբերտի մայրն էլ իր դիրքն էր պահում՝ որպես գումարտակի բուժ. կետի պետ։ Ավաղ՝ սեփական որդու կյանքը փրկել չհաջողվեց: Ռոբերտը վերջին մարտը վարել է Դրախտիկ գյուղում, որտեղ էլ ընկել է հոկտեմբերի 21-ին 8 ընկերների հետ միասին…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…