«Մի քանի դիրք առաջ էին գնացել ու նստած թշնամուն էին սպասում, բայց թշնամին վերևից հարվածեց». ՀԵՐՈՍ Սամվելը կռվում էր և՛ որպես բժիշկ, և՛ որպես զինվոր

Սամվել Սահակի Գասպարյանը ծնվել է 1994 թվականի դեկտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում։ Գերազանց սովորել ու ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան։

Հայոց բանակ է զորակոչվել 2012 թվականին: Ծառայել է Ջրականի զորամասում, որպես ավագ սերժանտ։ Զորացրվելուց հետո չցանկացավ ուսումը շարունակել մանկավարժականում, քանի որ բժշկությունը նրան ավելի շատ էր հետաքրքրում, ուստի 2018 թվականին ընդունվեց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ։

Սամվելը մեծ հայրենասեր էր, ու երբ խոսքը վերաբերվում էր հայրենիքի հանդեպ սիրուն, միշտ մեջբերում էր Բյոռնեի խոսքերը. «Սերը հայրենիքի հանդեպ կիսատ-պռատություն չի ճանաչում»։

44-օրյա պատերազմի հենց առաջին օրը 3-րդ կուրսի ուսանող Սամվելը կամավորագրվել էր ու մեկնել ռազմաճակատ։ Կռվում էր և՛ որպես բժիշկ, և՛ որպես զինվոր։ Ընթացքում էլ ժամանակ էր գտնում տուն զանգահարելու և մայրիկին հանգստացնելու, բայց, ավաղ, սեպտեմբերի 30-ին վերջին անգամ զանգեց…

Զինակից ընկերոջ խոսքում Քարվաճառում էին, մի քանի դիրք առաջ էին գնացել ու նստած թշնամուն էին սպասում, բայց, ցավոք, թշնամին վերևից էր գալիս։ Սամվելը զոհվել է հոկտեմբերի 2-ին Օմարի բարձունքում։

Սամվել Գասպարյան հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և արժանացել է «Պատվավոր բժիշկ» կոչմանը։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…