«Ամուսինս խոստացավ, որ կգա ու մենք հերոս որդի կունենանք». կինը պատմում է ՀԵՐՈՍ ԱՄՈՒՍՆՈՒ՝ ՏԻԳՐԱՆԻ սխրանքների մասին

Տիգրան Զաքարյանն ու Հասմիկը 11 ամիս է՝ ինչ ամուսնացել էին: Կինն ասում է՝ երազում էին երեխաներ, տուն ունենալ, մեքենա գնել, բայց չհասցրեցին։ «Տնից դուրս գալուց ասեց՝ գամ, Մոնթե ենք ունենալու, ինչ իմանայինք․․․»- հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է 31-ամյա կինը։

Տիգրան պայմանագրային զինծառայող էր, ծառայել է խաղաղապահ զորքերում, պատերազմն սկսվելուն պես մեկնել հայրենիքի պաշտպանելու:

Հասմիկն ասում է՝ ամուսինը առաջին մի քանի օրը Արարատում է եղել, այնուհետև տեղափոխվել է Արցախ, սակայն իրենց այդ մասին չէին ասել։ Չնայած տանեցիներին ասել է, որ ամեն ինչ լավ է, բայց ամսի 1-ին կամ 2-ին նրանց տարել են Արցախ՝ Կուբաթլու, Քելբաջար, Մատաղիս, իսկ վերջին կետը եղել է Հադրութը:

Հասմիկն ու ամուսինը շփվել են նամակներով, որտեղ ամուսինը անընդհատ հիշեցրել է, որ սիրում է կնոջը: Իսկ վերջին հեռախոսային զրույցը ունեցել են հոկտեմբերի 9-ին: Կինը հիշում է, որ Տիգրանի ձայնը այդ օրը սովորականից տարբեր էր: Այդ զրույցից մեկ օր անց՝ հոկտեմբերի 10-ին, ողբերգական դեպքը տեղի է ունեցել։

«Հոկտեմբերի 10-ին առաջին հրադադարն էր, բայց ընդամենը 3 րոպե պահեցին հրադադարը, նորից սկսեցին կրակել, ամուսինս ու զինակից ընկերները կռվել են 400-500 թուրքի դեմ: Վաշտի հրամանատարը պատմում ա, որ քաջաբար կռվել ա։ Հայտնվել են շրջափակման մեջ, թուրքերին հետ են շպրտել, 15 հոգով են եղել, նստել են հանգստանալու, սնարյադն ընկել ա հենց իր կողքը, ու էդ խմբից մենակ ինքն ա զոհվել, մյուսները վիրավորվել են:

Ընկերները պատմել են, որ կռվի ժամանակ միշտ տղերքին ասել ա՝ հեռավորություն պահեք, որ սնարյադ ընկնի, գոնե մեկիս մի բան լինի, ու հենց իրան կպավ»,- ասում է ու հուզվում կինը։

Լուսանկարում աջից՝ Տիգրանի մայրը, հայրը, կինը և քրոջ ընտանիքը։ Քրոջ որդին, որը Տիգրանի անունն է կրում, օրեր առաջ է լույս աշխարհ եկել։

Հասմիկը պատմում է, որ ամուսնու անունը ցուցակում կարդալուց հետո տարբեր տեղեկություններ էին ստանում, թե սխալմունք է, ասում է՝ հույսները սրտում սպասում էին, որ ամուսինը մի օր կհայտնվի։ Սակայն ԴՆԹ անալիզը հաստատվեց հունվարին:

Տիգրան Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։