Գիտե՞ք՝ ինչ պարիսպներ են լուսանկարում. միայն իմանաք՝ քանի տարի է պահանջվել պարիսպների կառուցման համար

Լուսանկարում Սմբատաշեն, Սնբատյան կամ Սմբատի պարիսպներն են, որոնք եղել են Անի քաղաքի հյուսիսային ամրությունները: Այն կառուցվել է 986-988 թվականներին Սմբատ Բ Տիեզերական Բագրատունու կողմից:

Ըստ Մ. Բրոսեի՝ Սմբատ Բ-ն պարսպի շինարարությամբ զբաղվել է 8 տարի։ Նույն կարծիքին էր նաև Թ. Հակոբյանը, որը համարում էր նաև, որ պարսպի շինարարությունն ավարտվել է 989 թվականին։ Այն կարծիքը, թե պարիսպը կառուցվել է մեկ տարում, դիտարկելով Թ. Թորամանյանի տեսակետի դիրքերից, անհնար էր։ Ուստի հիմնվելով նշանավոր ճարտարապետի դիտարկման վրա՝ նշվել է, որ պարսպի կառուցումը պետք է սկսված լիներ Սմբատ Բ-ի գահակալության սկզբին:

Ըստ Թ. Թորամանյանի հաշվումների՝ Սմբատաշեն պարսպի երկարությունը կազմել է 2500 մետրից ավելի, բարձրությունը՝ 8-10 մետր, իսկ լայնությունը՝ մեկ մետր։ Նոր պարսպի կառուցման համար նախատեսված տեղում տարածքը հարթ չի եղել. փոսեր, հնարավոր է՝ նաև պաշտպանական խրամներ կային, որոնք հարկ է եղել լցնել, իսկ այնուհետև հարթեցված տարածքում կառուցվել է մինչև օրս իր չափերով, հզորությամբ և գեղեցկությամբ բոլորին հմայող՝ Անիի մեծ կամ, ինչպես այն առավել հայտնի է, Սմբատաշեն պարիսպը։

Նոր պարիսպը կառուցվել էր՝ ընդգրկելով քաղաքի` հին պարսպի պաշտպանությունից դուրս մնացած հատվածները կամ, այսպես կոչված, նոր քաղաքը՝ տարածվելով Ախուրյան գետից մինչև Ծաղկոցաձոր։ Հին ու նոր պարիսպների հեռավորությունը կազմել է շուրջ 720 մետր, թեև Մատթեոս Ուռհայեցին այդ տարածությունը հավասարեցնում է մեկ նետընկեցի[3]։ Պարսպի ողջ երկարությամբ միմյանցից 10-20 մետր հեռավորության վրա կառուցվել էին բուրգեր (աշտարակներ), որոնք ունեին կիսաշրջանաձև կառուցվածք՝ բացառությամբ Իգաձորի և Գայլաձորի հատվածներում գտնվող բուրգերի, որոնց հատակագիծը քառակուսի էր։ Անիի պարիսպները բաղկացած էին 80 բուրգից՝ չհաշված Աղջկաբերդի ու միջնաբերդի 4-ական և Աշոտաշեն պարսպի 6 բուրգերը։

Միայն Սմբատաշեն պարիսպն ուներ 55 աշտարակ՝ հաշվառելով նաև բուն պարսպից 7-10 մետր հեռավորության վրա զուգահեռ ձգվող ավելի ցածր պարսպի շուրջ երկու տասնյակ աշտարակները: Բուրգերը երկհարկ կամ եռահարկ էին՝ հարկերը միմյանց կապող աստիճաններով։ Պարիսպը ուներ 14 դարպաս և մուտք (անցում), որոնցից գլխավորներն էին Ավագ, Կարսի և Դվինի դարպասները։ Դարպասներից յուրաքանչյուրը գտնվել է երկու կիսաշրջանաձև աշտարակների միջև[5]։ Ավագ դարպասի վերևում Անի քաղաքի զինանշանն էր՝ հովազի քանդակով։ Դարպասները, ըստ Արիստակես Լաստիվերտցու, երկաթից էին՝ պղնձե նիգերով (փակաղակ, սողնակ)[6]։ Ն. Մառը համարում էր, որ Սմբատաշեն պարիսպը եղել է կրկնակի, այսինքն՝ բաղկացած է եղել երկու զուգահեռ պարսպապատերից, ինչպես որ մինչև օրս պահպանվել է։ Երկու զուգահեռ պարսպաշարերում գործածվել են նույն տեսակի և գույնի քարեր, ինչպես նաև առկա է նույնատիպ շարվածք։ Սմբատաշեն պարիսպը դրսից եզերող ջրով լցված խրամը այնքան լայն ու խորն էր, որ այն կարելի էր հաղթահարել միայն նավակների միջոցով։ Այդ խրամի հետքը ժամանակին նկատել էր Ն. Մառը՝ մատնանշելով դրա պեղման անհրաժեշտությունը։