Ինչպես Սպիտակի երկրաշարժը նրան Կալիֆոռնիայից Հայաստան բերեց․ Հաճելի արտաքինով մի հայրենասերի պատմություն

Միհրան Աղբաբյանը հաճելի արտաքինով ու ազնվազարմ կեցվածքով մի անձնավորություն է, ով ծնվել է 1923-ին՝ Կիպրոսում։ ճարտարագիտական սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության բնագավառում աշխարհի խոշորագույն մասնագետներից մեկն է: ԱՄՆ-ում  ղեկավարել է Կալիֆոռնիայի սեյսմակայունության գիտահետազոտական ինստիտուտը, իսկ հետո ստանձնել է տեղի համալսարանի փոխնախագահի պաշտոնը:

Սպիտակի երկրաշարժը նրան՝ իր խոշորագույն գործընկերների հետ, Հայաստան բերեց։ Նա անցավ վերլուծությունների և ներկայացրեց աղետի հետևանքների վերացման առավել ընդունելի միջոցները մեր պայմաններում:

Միհրան Աղբաբյանի պարբերական այցերն ավարտվեցին 1991 թ., երբ նրա և մի խումբ նվիրյալ ու արհեստավարժ անձանց նախաձեռնությամբ ստեղծվեց Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), որը նա ղեկավարեց մինչև 1997-ը: Հայրենասիրական ակնառու գործունեության համար նա պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով և հայ եկեղեցու «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշանով:

1988 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, իսկ 1994-ին՝ Երևանի պետհամալսարանի պատվավոր դոկտոր: Միհրան Աղբաբյանը մահացել է 2019 թվականի փետրվարի 12-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։