Նրա հերոսը Մոնթեն էր․ կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանը զոհվել է հակառակորդի առաջխաղացումը հետ մղելիս ու իր դիրքը պահել է արյան գնով

Ապրիլյան պատերազմի հերոս, կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանն այն հերոսներից էր, ով մինչև վերջ պայքարեց իր դիրքի համար ու իր կյանքը տվեց հայրենիքին։ Վլադիմիրը 2016թ-ի ապրիլի 4-ին մարտական դիրքի մատույցներում ընթացող մարտերի ժամանակ ոչնչացրել է թշնամու մեծաթիվ զինծառայողների, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը դեպի պաշտպանության խորքը:

Նա Արցախի Մարտունի քաղաքից էր:  Տան ամենափոքրն էր, բարին ու հոգատարը: Կրտսեր սերժանտը սովորում էր Արցախի պետական համալսարանում: Պատմությունը Վլադիմիրի տարերքն էր, ուզում էր իր ժողովրդին ավելի լավ ճանաչել։

Նրա հերոսը Մոնթեն էր։ Ինչպես Մոնթեն էր ասել՝ իմ կենացը մի խմեք, իմ գործը շարունակեք, այդպես էլ արեց կրտսեր սերժանտը։ Նա դարձավ իր պապերի արժանի զավակը։ «Հպարտ եմ, որ հերոս եղբայր ունեմ, բայց շա՜տ դժվար է առանց նրա»,- ասել է Վլադիմիրի եղբայրը։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: