«Տղես 42 օր կռվել է, դիպուկահարը իրա ծնկներին է կրակել, հետո սրտին». պատմում է 18-ամյա ՀԵՐՈՍ ԷՐԻԿԻ ՄԱՅՐԸ

Արցախյան 44-օրյա պատերազմի անմահացած հերոս Էրիկ Հովհանիսյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 7-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին:

Հերոսի մայրը՝ Հասմիկ Բախշյանը պատմում է, որ սկզբում տղաները եղել են Մարտունիում: Հադրութի ծանր մարտերից հետո ինչ-որ դպրոցում պետք է հանգստանային, բայց զինվորները բավականին կորուստ են ունեցել, որի մասին մի տարիքով կամավոր է պատմել:

Դրանից հետո Էրիկին տեղափոխել են Շուշի: Մոր և որդու ամենաերկար զրույցը նոյեմբերի 6-ին է եղել, հաջորդ օրը տղան ասել է, որ էլ չի զանգելու, մորը խնդրել է, որ չլացի, չտխրի, ինքը լավ է: Մայրը պատմում է, որ տղան երբեք ծառայությունից չի դժգոհել, միշտ ասել է, որ իրենք ապահով տեղում են ու չեն մասնակցում պատերազմական գործողություններին: