«Սքանչելի է, սիրելի վարպետ, քո նկարն ավելի թանկ արժի, քան իմ ամբողջ կարողությունը». գիտե՞ք, թե ով և ինչու ՀԱՅ նկարչին տվեց «Թորոս Ռոսլին» անվանումը

13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում ապրում և ստեղծագործում էր Թորոս անունով մանրանկարիչը։ Նրա անունը թնդում էր ողջ Հայաստանով մեկ: Թորոսի շնորհիվ հայտնի էր դարձել նաև Հռոմկլայի վանքը, որի գրչատանը ապրում էր նկարիչը:

Մի անգամ Իտալիայի Վենետիկ քաղաքից Կիլիկյան Հայաստան է գալիս մի վաճառական։ Նա իր հետ բերել էր իր չքնաղ դստերը։ Հպարտ իր գեղեցկուհի աղջկանով՝ իտալացին ներկայանում է Թորոսին: Նա խնդրում է պատկերահանել իր դստերը:

-Պահանջիր ցանկացածդ վարձը, անվանի վարպետ,- դիմում է նրան վաճառականը:

Թորոս նկարիչը գերված ու հմայված նայում է գեղանի իտալուհուն, զննում և ուսումնասիրում է վարպետի աչքով և ասում.

— Եկեք երկու օր հետո:

Վաճառականը շնորհակալություն է հայտնում, հրաժեշտ տալիս և ուրախ-ուրախ վերադառնում իր օթևանը: Պայմանավորված օրը վաճառականը զուգված–զարդարված դստերը բերում է մեծ նկարչի մոտ: Աղջիկը պատրաստվել էր, նույնիսկ հետը նախաճաշ էր վերցրել: Գիտեր՝ ժամերով նստելու էր վարպետի դիմաց։ Նա հայելու առջև նույնիսկ փորձ էր արել, թե ինչ դիրքով, դեմքի ինչ արտահայտությամբ պետք է ներկայանա նկարչին: Բայց Թորոսը նրանց անակնկալի է բերում:

Նա սիրալիր ողջունում է իր հյուրերին: Ապա խնդրում, որ մոտենան նկարակալին: Նա վերցնում է օթոցը, և հոր ու աղջկա զարմացած հայացքի առջև հառնում է գեղեցկուհի իտալուհին՝ իր ողջ պերճանքով ու շքեղությամբ:

toros roslin

— Սքանչելի է,- բացականչում է վաճառականը, — ապշել կարելի է։ Դու ինչպե՞ս կարողացար, մի անգամ նայելով, այսքան ճշգրիտ պատկերել աղջկաս: Սիրելի վարպետ, քո նկարն ավելի թանկ արժի, քան իմ ամբողջ կարողությունը:

Թորոսը մեղմ ժպիտով լսում էր իտալացու գովեստն ու հիացական բացականչությունները։

-Այս նկարի դիմաց ես ոչինչ չեմ պահանջում,- հանգիստ ասում է նկարիչը։

Ինչու՞,- զարմանում է իտալացի վաճառականը։

-Նկարչի համար մեծ երջանկություն է բնական գեղեցկություն տեսնելը։ Քո դուստրը լուսեղեն էակ է, քայլող կանթեղ է, ռոշն է, ռոշնական կանթեղ։

Վաճառականը չգիտեր, թե ինչպես հայտներ իր շնորհակալությունը: Թորոսի գործածած ռոշն բառը նրան շատ էր դուր եկել։ Նա Թորոսին սկսում է Ռոշն կոչել,որը նա արտասանում էր «Ռոսլին» ձևով:

Ի պատիվ հայ նկարչի` վաճառականը իր նավը անվանում է «Թորոս Ռոսլին»: Այդ անունով էլ հանճարեղ մանրանկարիչը հայտնի է դառնում աշխարհին: