Գիտե՞ք, թե որ հայ գրողն է առաջարկել Մյուռոնօրհնության համար շքեղ կաթսա ունենալու գաղափարը

«Մյուռոն»-ը հունարեն բառ է, որը ծագում է օծել արմատից և նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»։
Մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու ձեթն է, որին խառնվում է բալասան, ինչպես նաև քառասուն տեսակի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը։ Ըստ վերջին շրջանում ձևավորված սովորության` մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև խախտվել:

Մյուռոնօրհնության համար շքեղ կաթսա ունենալու գաղափարի հեղինակը հայ նշանավոր գրող Ռաֆայել Պատկանյանն է։ Նա 1889 թվականի հունվարի 17-ին նամակ է գրել Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսին, որում հայցել է Վեհափառի օրհնությունըհամընդհանուր հանգանակություն կազմակերպել կաթսայի համար․

«Ի նկատի ունենալով հայոց ներկայ վիճակը այն խճճեալ հանգամանաց մէջ, ուր գտնւում է ազգը, նորա հոգեպէս իրար հետ կապողը համարում եմ ո´չ նորա լեզուն, ո´չ դպրոցները, ո´չ գրականութիւնը, ո´չ նիւթական շահերը, ո´չ միտք զարգացնող գաղափարները, միով բանիւ ոչինչ և ոչինչ, այլ միայն Սուրբ Միւռոնը, որն հաւասարապէս և առանց բացառութեան ամեն հայի համար նուիրական է, իշխանազն մեծատունէն բռնած մինչև հետին մուրացիկ աղքատը, և զառամեալ ծերունիէն սկսած մինչև նորածին երեխան. կրկնում եմ միմիայն հայկական միւռոնը, Մայր Աթոռի մէջ պատրաստած, ճանաչում եմ ամեն հայի համար հաւասարապէս սուրբ, նուիրական պաշտելի և կարևոր: Այս է պատճառը, որ հայկական միւռոնը ճանաչում եմ ես այն ազգային դրօշակը, որոյ ներքոյ հաւատով, յուսով և սիրով ժողովւում են ամեն հայք առանց խտրականութեան հասակի և վիճակի, և դիտաւորութիւն ունեցայ շինել տալ մի կաթսայ, որի ծախքն պիտի լցնէ երկրագնդիս վրայ գտնուած ամեն հայի լուման» ։

Ճիշտ է Ռաֆայել Պատկանյանի այս գաղափարը անմիջապես իրականություն չի դառնում, բայց տարիներ անց այն կատարվում է։