ՀԱՅԵՐՆ առաջիններից էին, որ օգտվեցին Գուտենբերգի գյուտից. գիտեի՞ք այս մասին

Յոհաննես Գուտենբերգը համարվում է տպագրության գյուտարար: Նրանից առաջ չինացիներն առաջինն էին հետաքրքրվում տպագրության հայեցակարգով, որպեսզի պարզեցնեն իրենց գաղափարագրական գրերի օգտագործումը: Գուտենբերգի ղեկավարությամբ 15-րդ դարում Եվրոպայում հայտնաբերված և կատարելագործված տպարանը մեծապես նպաստեց Վերածննդի դարաշրջանում գիտելիքների, մտքերի և գաղափարների արագ տարածմանը: Այս գյուտը միլիոնավոր գրքերի հնարավորություն տվեց տարածվել աշխարհով մեկ:

Հայերն առաջիններից էին, որ օգտվեցին Գուտենբերգի գյուտից և 1512 թվականից սկսած աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ կային հայկական գաղթավայրեր, հիմնադրեցին տպարաններ և տպագրեցին հայերեն գրքեր: Բացառություն չէր Օսմանյան կայսրությունը, որի մայրաքաղաք Կ. Պոլսում 1567 թվականին տպագրվեց առաջին հայ գիրքը: Ժամանակի ընթացքում Կ.Պոլիսը դարձավ հայ գրատպության հիմնական կենտրոններից մեկն ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը:

Կ. Պոլսում Աբգար Թոխատեցու (1568-1569) և Երեմիա Քյոմուրճյանի (1677-1678) տպագրական կարճատև գործունեությունից հետո, 17-րդ դարում հիմնվեցին անընդմեջ գործող Սարգիս Եվդոկացու, Գրիգոր Մարզվանցու և Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու տպարանները, որոնք երկար ժամանակ տպագրական բեղուն գործունեություն ծավալեցին: Արևմտահայ ականավոր տպագրիչներից են եղել նաև Պողոս Արապյանը, Սարգիս Դպիրը, Չնչին Հովհաննեսը և ուրիշներ:

gutenberg

Մինչև 1800 թվականը միայն Կ. Պոլսում լույս է տեսել շուրջ 350 անուն հայերեն գիրք: Կրոնաբարոյական բնույթի վաղ հրատարակությունների կողքին տպագրվեց նաև պատմական, գեղարվեստական, ուսումնական, գիտական և այլ բովանդակության գրաբար և աշխարհաբար, հեղինակային և թարգմանական գրականություն: Հայկական տպարաններ հիմնվեցին Զմյուռնիայում, Արմաշում, Վանում, Մուշում, Բուրսայում, Ադանայում, Ադրիանապոլսում, Ադաբազարում, Կոնիայում, Նիկոմեդիայում, Սամսունում, Կարինում, Երզնկայում, Եվդոկիայում, Խարբերդում, Ամասիայում, Մարզվանում, Այնթապում և այլուր:

Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաշատ քաղաքներում գործող տպարանները դադարեցին գոյություն ունենալ: Այդ տարիներին ոչնչացվեցին հարյուրավոր տպարաններ, գրադարաններ և մատենադարաններ, այրվեցին տասնյակ հազարավոր հայերեն գրքեր: